Կենտրոնական բանկը չի միջամտում բանկերի ռիսկերի կառավարման գործընթացին: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Կենտրոնական բանկից: Մեզ տեղեկացրին, որ ԿԲ-ն ոչ գրություն է ուղարկում բանկերին, ոչ էլ իր մոտ է կանչում և ասում՝ ինչպես ռիսկերը կառավարել. դա յուրաքանչյուր բանկի անհատական գործն է, իր աշխատանքը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Միր» քարտերը դադարել են աշխատել Հայաստանի բանկերում և տերմինալներում։ Armenia Today-ի թղթակիցը կապ է հաստատել Հայաստանի խոշոր բանկերի հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք շարունակո՞ւմ են սպասարկել ռուսական քարտերը։
Այս պահին հայաստանյան մի շարք բանկերի՝ Ararat, ID, EVOCA, Ameria, ACBA, աշխատակիցները տեղեկություն չունեն «Միր» վճարային համակարգով քարտերի սպասարկման կասեցման մասին։ Ռուսական քարտերի սպասարկումը շարունակվում է սովորական ռեժիմով։
Evoca-ն, ID-ն և Հայէկոնոմբանկը հայտարարել են, որ իրենց բանկոմատները սպասարկում են «Միր» քարտերը: «ACBA»-ն, «Ամերիա»-ն և «Արդշինբանկ»-ը մեզ ասացին, որ թեև իրենք որևէ տեղեկություն չեն ստացել, սակայն շարունակում են աշխատել «Միր»-ի հետ: Իսկ ACBA-ի աշխատակիցներն ասացին, որ տեղյակ են այդ նորությանը:
Չհաջողվեց կապ հաստատել Հայբիզնեսբանկի, Արարատ բանկի և ՎՏԲ-ի հետ։
Նախօրեին հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Միր» քարտերը դադարել են սպասարկվել հայաստանյան բանկերում և տերմինալներում:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի սահմաններից դուրս «Միր» վճարային համակարգի հետ համագործակցության համար ֆինանսական կազմակերպությունների դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին էր հայտնել: Ամերիկյան գերատեսչությունը հայտնել է, որ պատժամիջոցները սպառնում են նրանց, ովքեր կօգնեն Ռուսաստանին շրջանցել իր դեմ սահմանված սահմանափակումները: Դրանից հետո Bloomberg-ը, Փրայմը և Известия-ն հայտնել են, որ Թուրքիայի, Ղազախստանի և Վիետնամի մի շարք բանկեր հրաժարվել են «Միր» քարտերի սպասարկումից: Նման բանկերի թվում են ղազախական Halyk բանկը, վիետնամական BIDV բանկը, թուրքական երկու խոշորագույն բանկերը՝ Is Bankasi-ն ու DenizBank-ը։