Հայաստանի տնտեսությունը կախված է Մեծամորի ատոմակայանից, և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցությունը՝ օգնելու ատոմակայանին անվտանգ և հուսալի արտադրել ցածր ածխածնային էներգիա, Twitter-ում գրել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Հաճելի է տեսնել Մեծամորում անվտանգության մասով բարեփոխումներ, տպավորված եմ անձնակազմի նվիրված աշխատանքով»,- գրել է Գրոսսին:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով վարժանքներ են անցկացվել։ Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել էր Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: