Անկանխիկ գործարքների ծավալները սեպտեմբեր ամսին եռապատկվել են համեմատած հետվճարի մեկնարկի հետ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ 1 միլիարդ 200 միլիոն անկանխիկ գործարք է կատարվել Հայաստանում, այսինքն՝ ամփոփելուց հետո 120 միլիոն դրամ վերադարձվելու է թոշակառուներին ու նպաստառուներին՝ որպես հետվճար:
Իրականում թիվն ավելի մեծ է, սակայն ոմանք նաև միջագային համակարգերից են օգտվել, դրա համար էլ չեն կարող դիտարկվել որպես հետվճարի մաս: Հետվճարի համար գործարքը պետք է ՀՀ տարածքում իրականացվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործում է կենսաթոշակի ու նպաստների հետվճարի համակարգը։ Քաղաքացիներն ամբողջությամբ անկանխիկ գնումներ կատարելու դեպքում հետ կստանան իրենց թոշակի 10 տոկոսը։ Միջոցառումն ուղղված է անկանխիկ գործարքների խթանմանը։
Նշենք, որ Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27 000 կենսաթոշակառու և նպաստառու: Վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դրամ հետվճար։
Մանրամասները՝ տեսանյութում: