Երկու համաձայնագրով կառավարությունն ընդունեց ԵՄ-ի կողմից 23 և 10 միլիոն եվրոյի ֆինանսավորումը Հայաստանում մի շարք բարեփոխումների իրականացման համար:
Ֆինանսավորումն, ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կատարվում է ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ.-ի բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում:
«ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով 10 միլիոն եվրո է հատկացվում ՀՀ ոստիկանությանը: Այն տրամադրվելու է ներքին գործերի նախարարությայն ձևավորմանը, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների զարգացման ու նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը՝ այդ թվում՝ Պարեկային ոստիկանության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների բարելավմանը՝ այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովմանն ու միգրացիոն քաղաքականության մշակման մասով:
Ըստ նախագծի՝ աջակցություն կտրամադրվի ՄԻՊ գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և այլ հանրային կառույցների կարողությունների հզորացմանը:
Մյուս համաձայնագրով նախատեսվում է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը: Ծրագրով նախատեսում է 23 միլիոն եվրոյի դրամաշնորհ:
Առաջին մասով աջակցություն կստանան Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զագացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Շուրջ 1500 միկրոձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կստանան աջակցություն, 200-ը՝ դրամաշնորհ՝ ԵՄ շուկա արտահանման նպատակով:
Թիրախային օգնություն կտրամադրեն կանանց և երիտասարդներին՝ գործարար կարողությունների զարգացման և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորման համար: Սյունիքի մարզում արոտավայրերի հասանելիությանն ու ոռոգման համակարգերի ստեղծման նախաձեռնություններին կտրվի նախապատվություն:
Ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրեր կիրականացվեն, ինչպես նաև «Թումո»-ի միջոցով Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոն կհիմնվի:
Ինչպես Գրիգորյանն ասաց՝ աջակցություն կտրամադրվի սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը և իրականացմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:
«Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,- ասաց փոխվարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ում միջոցով են մարդիկ դիմելու ԵՄ-ին՝ աջակցության ստանալու համար, ինչին Գրիգորյանը պատասխանեց, որ համաձայնագրի ընդունումից հետո պարզ կլինի, թե ԵՄ-ն ում կնշանակի որպես օպերատորներ: Հայտնի են երկուսը. մեկն Ավստրիայի զարգացման գործակալությունն է, մյուսը՝ կրթական բաղադրիչով՝ «Թումո»-ն: