Կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տրվեց մի շարք ոլորտների միջանկյալ սպառման ապրանքների ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ վճարելու մասին նախագծին:
Գործող կարգավորմամբ՝ ՀՀ սահմանը հատելիս ապրանքների մի մասը հարկվում է տեղում՝ ավելացված արժեքի հարկով, բայց կան ապրանքատեսակներ, որոնք չեն հարկվում:
«Դա վերաբերվում է միջանկյալ սպառման ապրանքներին: Այս նախագծով լրացնում ենք այդ ապրանքների ցանկը, ավելացնում ենք մի քանի կատեգորիաներ, դրանք գյուղատնտեսության մեջ են, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլն, որպեսզի այն ընկերությունները, որոնք բարդություն ունեն սահմանին լրացուցիչ ծախսեր կրելու առնչությամբ , թեթևացնենք իրենց գործը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Այսպիսով՝ մշակող արդյունաբերության ընկերություններին հնարավորություն է տրվում սահմանին չվճարել ավելացված արժեքի հարկը նշված ապրանքատեսակների համար, այլ ընթացքում, երբ այդ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք արդեն ընդհանուր ռեժիմով կվճարեն:
Ըստ նախարարի՝ դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի չափ ապրանք: Սակայն շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ: Օրինակ՝ Մարալիկի մանվածքաթելային ֆաբրիկան Ուզբեկստանից բամբակ ներմուծելիս սահմանին վճարում է ԱԱՀ, իսկ այն ընկերությունները, որոնք հենց թելն են ներմուծում, չեն վճարում: Արդյունքում իրենք ոչ մրցակցային դաշտում են հայտնվում ու թեկուզ և թելի վրա ԱԱՀ չի ավելանում, բայց բամբակի վրայից հանվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ շատ երկար ժամանակ ՀՀ-ում քննարկվում է սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու նպատակահարմարությունը: Նախագծով ոչ թե ազատում են այդ հարկից, այլ խոսում են սահմանին հարկումից ազատելու վերաբերյալ, վաճառքի կամ հետագա փուլերում ավելացված արժեքի հարկ գոյանալու է: Այպիսով՝ կառավարության քաղաքական մոտեցումն է զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի, հաշվարկելով ռիսկերը փորձել գնալ այդ ճանապարհով: