ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկում են 2023 թ. պետական բյուջեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց եկող տարվա բյուջեն՝ առանց գյուղատնտեսական բաղադրիչի: Այն կքննարկվի ավելի ուշ՝ նոյեմբերի 7-ին սպասվող տնտեսական հանձնաժողովի նիստում:
Ի՞նչ տնտեսական միջավայր է ձևավորվել Հայաստանում
Հայաստանում աշխատատեղերի ավելացումը
Հայաստանի Հանրապետությոնում աշխատատեղերի ավելացումը պայմանավորված է և նոր ընկերությունների հիմնմամբ, և հաստիքների ավելացմամբ: Գրեթե բոլոր ոլորտներում գրացվել է աշխատատեղերի աճ, միայն 1-2 ոլորտ է հապաղում:
642 000 աշխատատեղ եղել է անցած տարվա սեպտեմբեր ամսին, 691 000 աշխատատեղ կա այս տարի, ասաց նախարարը: Այսինքն՝ 49 000 աշխատատեղի աճ կա՝ մեկ տարում:
Ամենամեծ աճը գրացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը. տարվա սկզբին ունեցել են 16 հազար, այժմ ունեն 24,5 հազար աշխատատեղ: Իսկ այդ ոլորտում միջին աշխատավարձը 1,5 միլիոն դրամ է:
Աշխատատեղերի անկում գրանցվել է մարածախ առևտրում: Պատճառն, ըստ նախարարի, արտադրողականության փոփոխությունն է, քանի որ ընկերությունները տրանսֆորմացիայի են ենթարկվում:
Տնտեսական ոլորտի 2023 թվականի հիմնական ծախսերը
Էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի բյուջետային հայտը կազմում է մոտ 65 միլիարդ դրամ, որից 37,9 միլիարդը գյուղատնտեսության համար:
Բյուջետային ոլորտում 2023 թվականին նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր՝ 57 միջոցառումներով, որի ծախսը կկազմի 26,9 միլիարդ դրամ: Այդ թվում՝ արտաքին աղբյուրներից ստացած վարկային միջոցներից 2 ծրագիր՝ 6,5 միլիարդ դրամով:
2022 թվականի էկոնոմիկայի նախարարության փաստացի բյուջեն կազմել է 41,747 միլիարդ դրամ, տարեկան բյուջեն՝ 61, 270 միլիարդ դրամ, առաջին 10 ամիսների կատարողականը՝ 43,453 միլիարդ դրամ: Կանխատեսվում է, որ տարեկան բյուջեն կավարտվի 65 միլիարդ դրամով: Նախապես պլանավորված բյուջեն գերակատարվել է, իրականացվել է ավելի շատ ծրագիր, քան նախատեսվել է:
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող առավել հետաքրքիր ծրագրերը
Բիզնեսի սուբսիդավորման ծրագրեր՝ դրա արդյունավետությունը բարելավելու համար
Բիզնեսում նախատեսվում է օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներառել: Նրանց թվում աշխարհի 4 առաջատար բուհերի շրջանավարտներ են:
Նախարարի խոսքով՝ եկող տարվա համար 218 օտարերկրյա մասնագետ է ներառվել հայկական ընկերությունների աշխատանքներում: Օտարերկրյա մասնագետների վարձումը հայկական ընկերությունների կողմից մասնակիորեն սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից, դրա համար նախատեսված է 1,57 միլիարդ դրամի աջակցություն:
Սեպտեմբերի վերջի դրությամբ 320-ից ավելի ընկերություններ դարձել են այս ծրագրի փաստացի շահառու, սակայն հարյուրավոր այլ ընկերություններ բանակցություներ են վարում սարքավորումների մատակարարների հետ, որպեսզի իրենք ևս օգտվեն այս ծրագրից և ընդլայնեն իրենց հնարավորությունները և արտադրողականությունը: Այս ծրագիրը շարունակվելու է նաև եկող տարի, որպեսզի ընկերություններն արդիականացնեն հնարավորությունները, դառնան ավելի մրցունակ, ավելի շատ արտադրանք թողարկել և վաճառել կարողանան:
Ներդրումների և արտահանման խթանման ծրագրեր
Գործնականորեն յուրաքանչյուր ընկերություն ունի ենթակառուցվածքային խնդիր: Ներդրումների և արտահանման խթանման ծրագրերի շրջանակում նախատեսված է 4 միլիարդ դրամ ուղղել կառավարության կողմից այս տարի հաստատված ներդրումների համար դիմած ծրագրերի ֆինանսավորմանը: Ըստ այս նախագծի, այն ընկերությունները, որոնք ունեն ներդրումների ծրագրեր Հայաստանում կատարած ներդրման մի մասի չափով օժանդակություն կստանան իրենց ենթակառուցվածքների կառուցման համար:
Այսինքն եթե ընկերության ներդրման համար պետք է որևէ ենթակառուցվածք, օրինակ՝ ջրագիծ, ապա կառավարությունը հաստատում է ծրագիրն ու իրականացնում դա: Այս պահին չկա իրականացող ծրագիր, սակայն 100-ից ավելի հայտ կա:
Զբոսաշրջության ոլորտի խնդիրները
Նախատեսվում է կտրուկ բարձրացնել զբոսաշրջային մարկետինգային բյուջեն: Նախկինում հատկացվող 200 միլիոնի փոխարեն 2023 թվականին տրամադրվելու է 1 միլիարդ դրամ: Լավարկելով սպասարկման որակը՝ հնարավոր կլինի մեկ զբոսաշրջիկից ստացվող եկամուտը ավելացնել: Նախատեսվում է աշխատել նաև զբոսաշրջիկների քանակի վրա՝ այն 2023 թվականի դարձնելով 2,5 միլիոն:
Նախարարի խոսքով՝ եթե սեզոնին զոսաշրջիկներին տեղավորելու խնդիր կա, ապա մյուս ամիսներին հյուրանոցները թերլցված են: Հետևաբար մարկետինգային ջանքերի միջոցով, մասնավորապես հինգ խոշոր միջոցառումների կազմակերպման միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջիկների ներգրավումը: Նախատեսվում է խոշոր աստեղրի համերգներ և այլ իվենթներ ձմեռային սեզոնին:
Առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստան է եկել մոտ 1,24 միլիոն մարդ: Հաջորդ տարվա համար կառավարությունը պլանավորում է ոլորտին տրամադրել 7,66 միլիարդ դրամ: Նախարարի խոսքով՝ այստեղ տրադիոցիոն թերակատարում կա, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի եկող տարի ծրագիրն ամբողջությամբ կատարվի:
Գինու շուկայի ընդլայնում
Շուկան հնարավոր է կարգավորել սեգմենտային փոփոխությամբ, այսինքն՝ ցածր կոնյակի սպիրտից գնանք միջին գնի կոնյակի սպիրտի արտադրության ուղղությամբ:
Բացի այդ, նախարարի խոսքով, անհրաժեշտ է ռազմավարության փոփոխություն: Նոր մշակված ռազմավարության մեջ 200 միջոցառում է նշված, սակայն կառավարության անդամներին դեռ չի հաջողվել համոզել ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է գինու արտահանմանն, ապա առաջնային թիրախները Ռուսաստանն է, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ն աշխարհում ամենաշատ գինի ներմուծող երկիրն է, սակայն անգամ մեծ հայկական սփյուռքի պարագայում շատ հեռու ենք նվազագույն ներկայացվածություն ունենալուց: Այդ ուղղությամբ մեր պոտենցիալն ավելի մեծ է ԱՄՆ-ում, քան Ճապոնիայում: