Ազգային ժողովում արդեն 4-րդ օրն է, ինչ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում 2023 թվականի բյուջեն: Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկույցով ներկայացրեց ԵԱՏՄ երկրների հետ ունեցած առևտրաշրջանառության ցուցանիշները, նաև Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները:
ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության և ներդրումային ծավալները
Վահան Քերոբյանը հայտնեց, որ 2022 առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2, 778 հազարերորդական միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74,1 տոկոսով. «2022-ի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Նշված ժամանակահատվածում ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 58,7 տոկոսով»:
Առևտրաշրջանառությունը՝ առանձին երկրների հետ
«Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին 8 ամիսներին կազմել է 2,642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 71,7 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2 անգամ, ներմուծումը՝ 55,3 տոկոսով: Բելառուսի հետ 2022-ի առաջին 8 ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 106,8 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճելով 2,4 անգամ: Ընդ որում՝ արտահանումը ՀՀ-ից Բելառուս աճել է 2,6 անգամ, ներմուծումը՝ 2,2 անգամ: Ղազախստանի հետ մեր առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 2,6 միլիոն դոլար: Արտահանումն ավելացել է 14,6 տոկոսով, ներմուծումը՝ 5,9 անգամ»,- ասաց նախարարը:
ՌԴ-ից զատ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունն ակտիվացնելու խթան է դրվել
«Մենք ՌԴ-ից բացի ԵԱՏՄ մյուս երկրների միջև առևտրաշրջանառությունը խթանելու աշխատանք ենք տարել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները մյուս երկրների հետ՝ այդպիսով փորձել ԵԱՏՄ-ն իր առևտրաշրջանառությամբ ու իր կառուցվածքով ավելի համաչափ դարձնել: Այս տարվա առևտրի ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր աշխատանքը ոոշակի արդյունք է տվել»,- հավելեց Քերոբյանը:
Օտարերկյա ներդրումներ. որքա՞ն է բաժին հասել ԵԱՏՄ երկրներին
Քերոբյանը նշեց, որ 2021-ին ՀՀ իրական տնտեսական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներից օտարեկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32, 4 միլիարդ դրամ. «Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129, 2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ: 2022-ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 մլրդ դրամ»:
Իրանի հետ առևտրաշրջանառության աճ՝ կրկնակի ծավալով
«2021-ի սկզբին մտածում էինք, որ Իրանի հետ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունը լավ թիրախ է, որովհետև 2020-ին առևտրաշրջանառությունը կազմել էր ընդամենը 400 մլն դոլար: Իսկ հիմա՝ այս տարի, ըստ ամենայնի, մեր առտրաշրջանառությունն Իրանի հետ շատ մոտ կլինի 400 միլիոնի կրկնապիատիկին: Այսինքն՝ երկու տարվա մեջ Իրանի հետ առևտրաշրջանառության կրկնակի աճ ունենք: Հայաստանի և Իրանի առաջնորդները վերջին հանդիպման ժամանակ նոր թիրախներ են նախանշել. այսպիսի կտրուկ աճից հետո տեսնում ենք այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի և Իրանի միջև»,- ընդգծեց Քերոբյանը:
Ի՞նչ է անում նախարարությունը՝ բնակարանների վարձակալության բարձր գնաճի դեմ
Բյուջեի քննակմանը Քերոբյանից հետաքրքրվեցին նաև այլ թեմաների շուրջ, այդ թվում՝ Երևանում բնակարանների վարձակալության բարձր գնաճից:
«Մենք նախ հավաքել ենք կառուցապատողներին, որովհետև նոր կառուցված շենքերում կային բազմաթիվ չբնակեցված բնակարաններ: Խնդրեցինք, որ իրենք կառուցված շենքերում ինդենտիֆիկացնեն չբնակեցվող բնակարանները: Մի քանի հազար բնակարանի հարց այդտեղ լուծվեց: Հետո հավաքեցինք անշարժ գույքի գործակալներին, ասացինք՝ գնացեք, գտեք բոլոր փակ դռներն ու տերերին: Արդյունքում՝ այսօր Երևանում մոտ 8000 փակ դուռ բացվել է: Այսօրվա դրությամբ՝ Երևանում մոտ 22 հազար չբնակեցված բնակարան կա»,- ասաց Քերոբյանը՝ անշարժ գույքի գործակալներին կոչ անելով հնարավորինս արագ գտնել այդ բնակարանների տերերին ու փորձել համոզել այդ բնակարանները վարձով տալ: