Գյուղատնտեսության ֆինանսավորումն արագ տեմպերով ավելանում է, բայց չենք կարող ասել, որ համաչափորեն՝ ըստ մեր բյուջեի և տնտեսության։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախատեսված ծրագրերը, ֆինանսական հատկացումները:
Գյուղատնտեսության ոլորտի արտադրողականսության և ֆինանսավորման մասին
Նախարարը ոլորտի զարգացման հարցում կարևորեց արտադրողականության բարձրացումը: Այսպիսով՝ նախատեսվում է 2023 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի այդ թիվը կազմել էր 933 միլիարդ դրամ, իսկ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է 2026 թվականին այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի, ինչն ակնհայտորեն կգերազանցեն:
Վահան Քերոբյանն ասաց, որ ֆերմարային տնտեսությունների խոշորացման արդյունքում ընդհանուր գյուղատնտեսությունների թիվը նախատեսվում է նվազեցնել մինչև 280 հազարի՝ նախկինում առկա 317 հազարի փոխարեն, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնվել:
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսված ծրագրերի մասին
Նախարարը հայտնեց, որ 2023 թվականն պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր 36 միջոցառումներով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային միջոցներով են նախատեսում ծրագրեր իրականացնել: Նա նկատեց, որ 2021 թվականի նախատեսած գումարից էապես մեծ են հատկացումները: «Ըստ էության, մեր գյուղատնտեսության ֆինանսավորումը շատ արագ տեմպերով ավելանում է, բայց ասել, որ մենք համաչափորեն, ըստ մեր բյուջեի և ըստ մեր տնտեսության ֆինանսավորում ենք գյուղատնտեսությունը, դեռևս, չենք կարող»,- ամփոփեց նախարարը և նշեց, որ գյուղատնտեսության մեջ վիճակագրությունը թերի է:
Գինեգործության ոլորտ
Այս հարցում նախարարը նշեց, որ ունեն տարաձայնություններ գործընկերներ հետ և կարծում են, որ ավելի մեծ ուշադրության է արժանի ոլորտը: Նա տեղեկացրեց, որ անցած տարի պատրաստեցին գինեգործության տասնամյա ռազմավարության նախագիծ, որը չընդունվեց որպես աշխատանքային փատաթուղթ, սակայն որոշ դրույթներ այսօր էլ իրականացնում են: «Այդ ռազմավարությամբ պլանավորում էինք, որ 10 տարվա ընթացքում գինու արտադրությունն այսօրվա 12 միլիոն լիտրից հասցնել մինչև 67 միլիոն լիտրի և նախատեսված էր ոլորտի աջակցությունը հասցնել 65-70 միլիոն դոլարի»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ առանց կառուցվածքային և հիմնավոր մոտեցումների գինեգործության մեջ ճեղքում չեն ունենա:
Ոռոգման ամսին
Անդրադառնալով ոռոգման խնդիրներին՝ նախարարը նկատեց, որ մենք, ցավոք, այսօր ունենք խոշոր ինտեսիվ այգիրներ, որոնք չորացել են ջուր չլինելու պատճառով: «Ունենք այդպիսի կորուստներ: Մենք այս խնդիրը շատ մեծ հաճախականությամբ բարձրացնում ենք: Պետք է հասկանանք, որ ոռոգման ջրի ոլորտը մեծ չափով սուբսիդավորվում է պետության կողմից, ինչն անուղղակի գյուղատնտեսության սուբսիդավորում է»,- ասաց նա:
Սպանդանոցների մասին
Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից բարձրացրած սպանդանոցների հարցին, ապա նախարարն ասաց, որ սպանդանոցները չեն աշխատում, որովհետև օրենքը չի գործում: «Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պետք է պատժվեն սպանդանոցից դուրս միսը մորթելու համար, չեն պատժվում, կամ պատժի չափն այնքան փոքր է, որ իրենք հաջորդ օրը նույն բանն են անում: Խնդիրն օրենքը աշխատացնելու մեջ է այնպես, որ ոչ մեկ չփորձի այն շրջանցել: Հիմա մենք կենտրոնացած ենք դրա վրա, որ կարգավորումները փոխենք այնպես, որ օրենքները աշխատեն, որ ոչ մեկ չփորձի սպանդանոցից դուրս միս մորթի»,- ասաց նա: