Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ կենսաթոշակների, նպաստների ու պետության կողմից վճարվող այլ գումարների համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու հնարավորության դադարեցման անհրաժեշտությամբ:
2021թ. հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Փոխնախարարի խոսքով նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների համար:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան` Դավիթ Խաչատրյանը տեղեկություններ է փոխանցել անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրի վերաբերյալ: Նրա համոզմամբ՝ առաջին ամսից դրական դինամիկա է արձանագրվել:
«Հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով շուրջ 1.8 մլրդի է հասել: Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023թ. գոնե վեց ամսով»,-ասել է նա:
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389.000 շահառու, այսօր 415.000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին: