Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է օրակարգային մի շարք հարցերի մասին:
Լարսի անցակետում առաջացած խնդիրները
Լարսի անցակետում հայկական և ռուսական բեռանատարների կուտակումների հետ կապված խնդիրն առաջացավ հոկտեմբերից, երբ Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացավ բեռնատարների ստուգման ռեժիմը:
«Այդ պահից սկսած՝ Հայաստանից դուրս եկած և Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա: Այսինքն մենք կարող ենք ասել, որ հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Պրոբլեմը սկսվելուց անմիջապես առաջ որևէ հերթ չկար»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ եղել է մինչև վերջին իրադարձությունը: Հերթի երկարությունը նախարարի խոսքով 10 օրական է, թեև կան մեքենաներ, որոնք ավելի երկար են կանգնած:
Նախարարն ամենօրյա ռեժիմով շփվում է ռուս գործընկերների հետ, որպեսզի կարողնանան միասնաբար մեքենաների թողունակությունը մեծացնել: Նախարարությանն անհանգստացնում է հատկապես արագ փչացող բեռների հարցը: Մասնավորապես կան դեպքեր, երբ կաթնամթերքը երկար սպասելու պատճառով փչացել է:
Հիշեցնենք, որ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիր է ստորագրվել 2022թ. ապրիլի 19-ին Մոսկվայում, որն այժմ ԱԺ-ում վավերացնելու քննարկման մեջ է: Համաձայնագրով նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգի ներդրում: Համաձայնագրի ստորագրման նպատակն է անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը, ինչը կնպաստի տնտեսական ինտեգրման հետագա զարգացմանը:
Աշխատուժի սուր պակաս՝ տնտեսության բոլոր ճյուղերում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ աշխատուժի պակաս ունենք տնտեսության բոլոր ճյուղերում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն: Նախարարի խոսքով՝ պատճառներն ամենատարբեր են: Հայաստանում կա այնքան բնակչություն, որքան անհրաժեշտ է աշխատուժը համալրելու համար, սակայն, քանի որ տարբեր պատճառներով այդ աշխատանքը հարմար չէ ՀՀ բնակիչներին, աշխատատեղերը կամ թափուր են մնում կամ լրացվում են դրսից եկած միգրանտներով: Ցածր որակավորում ունեցող մի շարք աշխատողների սուր պահանջարկը խանգարում է ընկերություններին աճել:
Սա հաղթահարելու հիմնական եղանակը կառավարության այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո ընկերություններին խրախուսում են և ֆինանասավորում ձեռք բերել նորագույն սարքավորումներ, հոսքագծեր, ավելացնել արտադրողականությունը և ավելի բարձր վճարել աշխատողներին: Այդ ծրագրից 426 ընկերություն է օգտվել, սարքավորումների պորտֆելը 32 միլիարդ դրամ է: Միայն հոկտեմբեր ամսին 106 ընկերություն ձեռք է բերել մոտավորապես 7,7 միլիարդի սարքավորում: