Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) գործարկել են «Ենթակառուցվածքների որակի աջակցություն Հայաստանում» նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Նախաձեռնությունն ուղղված է որակի ենթակառուցվածքների ազգային համակարգի և չափագիտության համակարգի ամրապնդմանը: Նշվում է, որ նախագիծն աջակցություն կցուցաբերի Հայաստանի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայությունների մատուցման գործում, ինչը Հայաստանում արտադրված ապրանքներն ավելի մրցունակ կդարձնի արտասահմանյան շուկաներում:
«Ենթակառուցվածքի որակի զարգացումն օգուտ կբերի ոչ միայն առևտրի ոլորտին, այլև այլ ոլորտների, ներառյալ՝ սննդի անվտանգությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրը: Սա կնպաստելի կայուն զարգացման նպատակին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նախագծի մեկնարկի արարողությունն անցկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի ներկայությամբ: