Եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգից բոլորը կշահեն, եթե այն խելամիտ կիրառվի: Այս մասին այսօր Armenia Today-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով 2023 թվականից սկսած 3 տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգի ներդմանը: Նա հիշեցրեց, որ ինքը պարտադիր հայտարարագրման ինստիտուտի գաղափարի կրողներից է եղել դեռ վաղուց:
Եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգի ներդման մասին
«Երբ խոսում ենք եկամուտների մասին, մենք պետք է բոլոր տեսակի եկամուտները հաշվի առնենք, այդ թվում` նաև պասիվ եկամուտները: Ներկայումս մեզ մոտ եկամտահարկ հիմնականում աշխատավարձից է հարկվում, բայց կան նաև պասիվ եկամուտներ` ինչպիսիք են վարձակալություններից վճարներ, որոնք պետք է անձը հայտարարագրի»,- ասաց նա:
Վարդան Արամյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները որտեղ կա եկամտային հարկի արդյունավետ հարկման համակարգ, պատասխանատվությունը դրված է ֆիզիկական անձի վրա, ոչ թե եկամուտ վճարողի, իսկ մեզ մոտ հակառակն է. գործատուն է պատասխանատվություն կրում, եթե հանկարծ ճիշտ չհաշվարկի եկամտահարկը:
«Ինչու աշխատավարձ ստացող ուսուցչուհին, բժիշկը կամ այլ անձ իր աշխատավարձից հարկ պետք է տա պետությանը, իսկ այն անձը, որն ավտոմեքենաների, բնակարանների, տարածքների վարձակալությունից եկամուտ է ստանում, եկամտահարկ չի վճարում, որտե՞ղ է այդ արդարությունը»,- ասաց նա: Նա նկատեց, որ այսօր էլ կա օրենքի պահանջ, որ պասիվ եկամուտն անձը հայտարագրի, սակայն սովորաբար հայտարարագրում են փոքրաթիվ անձինք և դա նրանք են, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են պարտադիր հայտարարգիր ներկայացնող հանրային աշխատող պաշտոնյաների հետ:
Տրանսվերտների մասին
Անդրադառնալով օտարերկրյա ֆինանսներին, նախկին նախարարը նշեց, որ տրանսվերտների դեպքում մի փոքր պետք է զգույշ լինել, քանի դրանք մեկ անգամ հարկվել են աղբյուրի երկրներում, եթե այստեղ էլ հարկվի, կրկնակի հարկում տեղի կունենա, ինչը անարդար կլինի: «Բացի այդ, երբ դու տրանսվերտները փորձեցիր հարկել, հնարավոր է արդյունքում այդ միջոցները քո երկիր մտնեն զարտուղի ճանապարհով, և երրորդ՝ կա տնտեսական էֆեկտ, որովհետև այդ հարկման դեպքում կասեցնում ես Հայաստան ուղարկելու շարժառիթները»,- ասաց նա:
Եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգի ներդումը քաղաքացիների համար
Վարդան Արամյանը նշեց, որ եթե համակարգը խելամիտ ներդրվի, ապա մեծ հաշվով երկիրը կշահի դրանից: Նա կարևորեց նաև նախապատրաստական աշխատանքների կատարումը մինչ օրենսդրական պարտադրանքի ինստիտուտի իրացումը, այդ թվում հանրությանն իրենց պարտականությունների մասին իրազեկելը, կրթելը, պետության տեխնիկակապես նախապատրաստվածությունը, տեղեկատվության փոխանակման թողունակության ապահովումը, որպեսզի ինֆորմացիոն մեծ հոսքին պատրաստ լինի համակարգը և այլն:
«Մարդկանց պետք է տեղեկացնել, թրեյնինգներ անել, տեղեկատվական գովազդներ նկարահանել, թե ինչպես պետք է օգտվել այդ էլեկտրոնային համակարգերից, անձի իդետիֆիկացման և թվային ստորագրությունների տրամադրման համակարգերը համատարած պետք է կիրառվեն, բոլոր տեսակի խոչընդոտները վերացվեն, տեխնիկական լուծումներ տրվեն»,- ասաց նա:
Նա հավանական համարեց, որ որոշ մարդիկ, ովքեր այս համակարգի կիրառման արդյունքում ստվերից դուրս են գալու, նրանք կարող են աղմուկ բարձրացնել և ասել, թե պատրաստ չեն, բայց դա միշտ պատճառ է, որը բերվում էր 2010-2011 թվականներից և եթե այսօր չներդրվի, հետագայում ևս բերվելու է:
Եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգի ներդումը պետության համար
«Պետության համար սա դրական քայլ է, քանի որ նշանակում է բավականին ստվերային եկամուտների բացահայտում»,-ասաց տնտեսագետը: Նա նշեց, որ եթե մենք շարժվում ենք կանխիկի կրճատման և մարդկանց գործունեությունը սպիտակ դաշտ բերելու ուղղությամբ, ապա սա այդ գործիքներից մեկն է, որ պետք է ներդրվի, բայց, երբ ուզում ես սև դաշտը սպիտակեցնել, մեկ գործիքով չես կարող անել, այլ պետք է անես գործիքների համախմբով:
«Պարտադրանքից բացի հասարակությանը պետք է տալ նաև որոշակի կոնֆետներ: Օրինակ՝ որպեսզի ժողովրդի մոտ շատ ցավոտ չլինեն, պետք է թույլ տալ նաև եկամուտներից նվազեցումների ինստիտուտ, որպեսզի բացի պարտադրանքից լինեն նաև առավելություններ, օրինակ առողջապահության կամ կրթության ոլորտում թույլ տրվեն եկամուտներ նվազեցնել: Պարզապես վերցնել և գաղափարը կիրառել, այն հղի է ձախողման վտանգներով, դժգոհություններով, եթե ամբողջական տնայնին աշխատանքը պետության կողմից կատարված և ավարտված չի»,- ասաց նա և նորմալ գնահատեց նաև, որ հետագայում դրույքները փոխվեն և դառնան պրոգրեսիվ:
Նախկին նախարարը հիշեցրեց, որ հայտարարգման ճշգրտության պատասխանատվությունը անձի վրա է, և ճիշտ կլինի, որ հենց անձը բոլոր հարցերը լրացնի, իսկ պետությունը անձի կողմից իր պարտականությունները կատարելու գործընթացը հեշտացնելու համար տրամադրի գործիքներ և համակարգեր: