Եկող տարվա փետրվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ 2023 թ. հուլիսի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցող Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշել է համանուն նախարարության փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ արդեն հաստատված և նշանակված ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: Սկսած 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:
Ինչ վերաբերվում է կենսաթոշակների վճարմանը, ապա գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից և «Հայփոստի» էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել։
Այս համատեքստում առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո «Հայփոստի» էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:
Մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության։