Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը:
«Բյուջե-2023 թվական»-ի նախագիծը՝ թվերով
«Բյուջե-2023թ» նախագծի համաձայն՝ եկող տարի բյուջեի ծախսը կազմելու է 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 միլիոն դրամ, միևնույն ժամանակ հարկային եկամուտները չեն փոփոխվել: Եկամուտներն ավելացել են այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի դեֆիցիտը մնացել է առանց փոփոխության:
«2023 թվականի բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ՝ արտարժույթային գործառնությունները հաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, որը վերահաշվարկի կարիք է առաջացրել ծախսերի ու դեֆիցիտների համարժեքներում: Երկրորդ՝ լրամշակվել են որոշակի ծրագրերին վերաբերվող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում բյուջետային միջոցներն ավելացել են»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ առանձին դեպքերում նվազեցվել են կառավարության պահուստային ֆոնդի միջոցները:
Գնաճը Հայաստանում և աշխարհում
Բյուջեի 2023 թվականի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում, որոնք առկա են նաև հիմա և կշարունակեն մնալ որպես որոշումների վրա ազդող ծանրակշիռ գործոններ, ասաց Ֆինանսների նախարար: Նա արձանագրեց, որ այդ գործոնները համաշխարհային տնտեսական միջավայրը դարձրել են ավելի անկայուն, դանդաղեցրել են միջազգային առևտուրը, փոխադրումները դարձրել ավելի ծախսատար և ժամանակատար:
«Ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում: Դա բացասաբար է ազդել մի շարք երկրների վրա, որոնց մի մասի աճի տեմպերը դանդաղել են, իսկ որոշներն արձանագրել են նկատելի անկում: Նշված արտաքին պայմանները նաև մեր զարգացման միջավայրի վրա են ազդել բացասաբար և բարձրացրել մեր քաղաքականությունների մակրոտնտեսական ռիսկերը»,- նշեն Խաչատրյանը:
«Չնայած նշված ռիսկերով պայմանավորված անորոշությանը՝ կարող ենք ուրախությամբ փաստել, որ մեր տնտեսության համար այս տարի առկա են եղել նաև դրական ազդեցության գործոններ, որոնց ազդեցությունը դեռևս շարունակում է գերիշխող լինել»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,5 տոկոսով, ինչ արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:
«Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 8,7 տոկոսի սահմանում: Չնայած վերջին շրջանում գնաճն իջեցնելու ԿԲ արդյունավետ քաղաքականությանը և հաջողություններին՝ չենք կարող ակնկալել, որ կկարողանանք վերադառնալ գնաճի բնականոն միջավայր. պետք է սպասել, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով մոտենալ գնաճի օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,- ասաց Խաչատրյանը:
Համընդհանուր հայտարարագրումը և դրա իրագործման պլանը
Նախատեսվում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ համընդհանուր հայտարարագրմա համակարգը լինի առավելագույնս սահուն: Մասնավորապես, կարգավորման մաս է կազմում այն, որ հարկային հայտարարագրերը պետք է նախալրացվեն և քաղաքացիներին ներկայացվեն հարմային մարմինների կողմից: «Հայտարարագրման համակարգը կդառնա այն հարթակը, որը կբարձրացնի հարկերը վճարելու կարևորության տեսանելիությունը և դրա վերաբերյալ մեր հասարակության գիտակցումը, կնպաստի քաղաքացիների ու կառավարության փոխհարաբերությունների զարգացմանը»,- ասաց ֆիննախարարը:
Հայտարարատուների համար նախատեսվում են հարկի որոշակի փոխհատուցման մեխանիզմներ՝ օրինակ կրթական և առողջապահական ծախսերի մասով: համակարգը կներդրվի 3 փոլով ՝աստիճանական եղանակով, ինչը կերաշխավորի սահունությունը:
Պաշտպանական և սոցիալական ոլորտի ծախսերը
Բյուջեի նախագծում մեծ կարևորություն են տրվել պաշտպանական ծախսերին: Դրանք 2023 թվականին կազմելու են 517 միլիարդ դրամ, ինչը մոտ 50 տոկոսով գերազանցում է այս տարվա բյուջեով սահմանված ծախսը: Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 653,8 միլիարդ դրամ կամ 12,8 տոկոսով ավելի, քան սահմանված այս տարվա ծախսը: «Արդյունքում սոցիալական ծախսերը համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը կկզամեն՝ պահպանելով այս տարվա մակարդակը»,- ասաց նախարարը:
Փոխառությունների, վարկերի և կառավարության պարտքի մասին
Տարվա ընթացքում չնայած մարումներ կատարելուն, ստանալու ենք ավելի շատ փոխառություններ և վարկեր, կամ բաշխելու ենք ավելի մեծ քանակությամբ գանձապետական պարտատոմսեր, ասաց նախարար Խաչատրյանը: 2023 թվականին պետական բյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամ չափով կամ ՀՆԱ-ի 3,1 տոկոսի չափով: Հաջորդող տարիներին 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի՝ 2,5-3 տոկոս սահմաններում՝ մի կողմից ապահովելով ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ, մյուս կողմից՝ նվազեցնելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ պարտքի մակարդակը:
«Ունենալու ենք 50 տոկոսից ոչ բարձր կառավարության պարտք: Կարող եմ թույլ տալ ինձ ասել, որ երեք տարվա կտրվածքով շատ էական ձեռքբերում է, որովհետև 2021 թվականի տվյալներով ունեցել ենք 63,5 տոկոս: Դա թույլ է տալիս կառավարությանը ներգրավել միջոցներ և ավելի ճկուն որոշել, թե այդ միջոցները ինչպիսի եղանակով օգտագործվեն»,- ասաց Խաչատրյանը: