Այս պահի դրությամբ որևէ վերջնական պայմանավորվածություն ու ժամկետ չկա: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասած ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով թուրքական «Hürriyet» պարբերականի հրապարակմանը:
«Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել: Այնտեղ քննարկվել են հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- հիշեցրեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ նշված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները շարունակվում են, բայց մեկնարկի վերաբերյալ վերջնական ժամկետներ դեռ չկան:
Հիշեցնենք, որ այսօր «Hürriyet» պարբերականը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և թուրքական ապրանքները Վրաստանի տարածքով անցնելու փոխարեն կկարողանան ուղղակիորեն հասնել Հայաստան՝ օդային բեռների միջոցով:
Armenia Today-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։