Քանի դեռ խաղաղության պայմանագիր չունենք, ներդրումների համար բարենպաստ միջավայր չենք կարող ունենալ: Armenia Today-ի հարցին, թե Արցախի շրջափակումն ի՞նչ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է: Միայն այդ դեպքում է հնարավոր խոշոր նեդրումային ծրագրեր ներգրավել»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախում առկա պարենի խնդիրներին՝ նա նշեց, որ ամենօրյա կապի մեջ է գործընկերների հետ:
«Որոշ տեսակի ապրանքների խնդիր կա: Սա հիմնականում թարմ գյուղմթերքին, նաև այլ մթերքների է վերաբերում»,- նշեց Քերոբյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: