Armenia Today-ը մի շարք տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձել է պարզել, թե Հայաստանի քաղաքացիները որտեղ են նախընտրում դիմավորել 2023 թվականը, որո՞նք են հայերի նախընտրելի ուղղությունները: Փորձել ենք հասկանալ նախընտրելի ուղղությունները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ արտերկրում: Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում հայտնել են նաև, թե հիմնականում ինչ արժեքներ ունեն առաջարկվող փաթեթները:
Համեմատելով այլ երկրների գնային առաջարկների հետ՝ «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հայաստանում ամանորյա հանգստի գներն ավելի բարձր են, քան մնացած երկրներում: Ամբողջական փաթեթների արժեքների ամենամատչելի տարբերակները մեկ անձի համար հիմնականում կազմում են 150 հազար դրամ: Հայաստանում տոնական փաթեթների գները մեկ անձի համար հասնում են 700-800 հազար դրամի: Խոսքը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված փաթեթների մասին է: Հայաստանում ձեռք է բերվում հյուրանոցի ծառայությունը, վճարվում է տոնական երեկոյի համար: Այլ երկրների դեպքում մենք ներառում ենք ավիատոմսերը, ապահովագրությունը, դիմավորում/ճանապարհումը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող են վստահ ասել, որ արտերկրի համեմատ Հայաստանում ամանորյա փաթեթներն ավելի բարձր արժեքներ ունեն»:
Ռիմա Խաչատրյանը հայտնեց, որ արտերկրի ուղղություններից ՀՀ քաղաքացիներին ամենամատչելի տարբերակներն առաջարկում է Վրաստանը:
«Վերջին 2-3 տարիներին հայերի հոսքը դեպի Վրաստան համեմատաբար դադարել էր, բայց այս տարի շատ ու շատ հայեր նախընտրում են հենց Վրաստանը, հետո Եգիպտոսը: Այս երկու ուղղություններից հետո նախընտրելի են Դուբայը, Հորդանանը: Շատ հայեր այս տարի իրենց Ամանորն անցկացնելու են նաև Երուսաղեմում: Վրաստանում ամանօրյա փաթեթները մեկ անձի համար սկսվում են 110-120 հազար դրամից: Եգիպտոսի ամենամատչելի փաթեթները մեկ անձի համար սկսվում են 400 հազար դրամից: Դուբայի դեպքում գներն ավելի բարձր են՝ ամենամատչելի տարբերակները սկսվում են 600-700 հազար դրամից»,- ասաց նա:
Ռիմա Խաչատրյանը նշեց նաև, որ մեր քաղաքացիները Հայաստանում հանգիստ անցկացնելու դեպքում նախընտրում են հիմնականում 2-3-օրյա փաթեթները:
«Հիմնականում ՀՀ որևէ մարզում մատչելի տարբերակ են փնտրում, միայն թե Ամանորը տանը չանցկացնեն ու վայելեն ընտանեկան տոնը: Հայաստանում շատերը ցանկանում են Ամանորն անցկացնել Ծաղկաձորում, որից հետո նախընտրելի ուղղություններ են Դիլիջանը, Աղվերանը: Մնացած վայրերի առումով համեմատաբար պասիվ պահանջարկ կա»,- ասաց նա:
«One Way Tour» տուրիստական ընկերության ներքին տուրիզմի բաժնից Armenia Today-ին հայտնեցին, որ հիմնական հարցումները Ծաղկաձորի վերաբերյալ են, թեպետ, ընդհանուր առմամբ, Հայաստանի մասով հարցումներն ավելի պասիվ են: Տուրիստական ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ ավելի շատ երկրից դուրս՝ հիմնականում Վրաստանի վերաբերյալ են հարցումներ լինում:
«Հայաստանում 3 օրվա համար ամանօրյա փաթեթներն սկսվում են 100 հազար դրամից ու հասնում 200, 300 հազար դրամի: Գինը կախված է հյուրանոցից, այն հանգամանքից, թե որտեղ է այն տեղակայված, ինչպիսի Գալա ընթրիք ու շոու ծրագիր է սպասվում»,- ասաց տուրիստական ընկերության ներկայացուցիչը:
Նա ևս շեշտեց, որ Վրաստանի առումով բավականին բարձր ակտիվություն կա՝ ընդգծելով, որ ամանորյա հանգստի 5-օրյա փաթեթները տատանվում են 90-160 հազար դրամի սահմաններում:
«One Way Tour» տուրիստական ընկերության արտագնա տուրիզմի բաժնից մեզ տեղեկացրին, որ այս պահին հայերի հիմնական նախընտրելի ուղղություններեն են Դուբայը, Եգիպտոսը, հարցումներ կան նաև Շրի Լանկայի, Մալդիվյան կղզիների մասին: Տուրիստական ընկերությունից մեզ հայտնեցին, որ Ամանորի շրջանակում երկու անձի համար նախատեսված փաթեթները Եգիպտոսում սկսվում են 1900 ԱՄՆ դոլարից:
«Սքայ Տուր» տուրիստական գործակալությունից էլ հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամենաշատ հոսքը դեպի Եգիպտոս է:
«Մի քիչ ավելի փոքր հատված հետաքրքրված է Վրաստանի ուղղությամբ, հետո Դուբայով: Մարդկանց հետաքրքրում են հիմնականում մեկ շաբաթյա փաթեթները: Եգիպտոսում այս պահի դրությամբ մեկ անձի համար մեկ շաբաթյա ամանորյա հանգիստը, ներառյալ Գալա ընթրիքը, սկսվում է մոտավորապես 1300-1500 դոլարից: Մեկ անձի հաշվարկով Վրաստանում 365 դոլարից սկսված տարբերակներ կան»,- հայտնեցին գործակալությունից:
«Սքայ Տուր»-ի ներկայացուցիչը նշեց, որ այս տարի արտերկրի բոլոր ուղղություններում առաջարկները նախորդ տարվա համեմատ թանկացել են:
«Թեպետ շուկայում գնաճ է նկատվում, բայց պահանջարկը, ամեն դեպքում, չի նվազել, գրեթե նույնն է»,- հավելեց տուրիստական գործակալության ներկայացուցիչը:
Աննա Բադալյան