ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023 թվականի առաջին կեսին, ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։
«Մենք բավականաչափ բարձր պատրաստակամություն ունենք՝ անցնելու լիարժեք համաձայնագրի։ Հիմա ժամանակավոր համաձայնագիր ունենք, որը նույնպես տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է Մյասնիկովիչը։
ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի 2023 թվականի առաջին կիսամյակում, որպեսզի վավերացված ընթացակարգերն անհապաղ գործարկվեն։
«Մենք նման աշխատանք ենք տանում Եգիպտոսի հետ։ Ելնելով բանակցությունների հինգ փուլերի արդյունքներից՝ գտնվում ենք վճռական փուլում»,- նշել է նա։
Մյասնիկովիչի խոսքով՝ Միությունը մեծ հույսեր է կապում Հնդկաստանի հետ, սակայն առայժմ բանակցությունները վաղ փուլում են։
ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարևը հոկտեմբերի 18-ին ասել էր, որ 2015 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանին և Ղրղզստանին հաջողվել է լավագույն արդյունքների հասնել ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության առումով։ Երկրները վեց տարվա ընթացքում ավելացրել են արդյունաբերական արտադրությունը համապատասխանաբար 47,4%-ով և 21,7%-ով։