Ամերիաբանկը գործարկել է նոր ծառայություն՝ արտարժույթի փոխարկում բանկոմատների միջոցով, որը հասանելի է Ամերիաբանկի` կանխիկի մուտքագրման հնարավորությամբ ԱԳՄ-ների ամբողջ ծածկույթում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Նրանք մանրամասնել են, որ տարադամի փոխարկման փոխարժեքը նույնական է տվյալ պահին բանկում գործող կանխիկ փոխարժեքին, որը թարմացվում է առցանց: Ընդունվող տարադրամներն են ԱՄՆ դոլարը, եվրոն և ռուբլին, սակայն միաժամանակ տարբեր արժույթների մուտքագրումը հնարավոր չէ: Գործարքների համար գործում է սահմանաչափ՝ 1,000-ից 399,999 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ:
Ինչ վերաբերում է մանրադրամի տրամադրմանը, ապա հնարավոր է ընտրել 2 տարբերակ՝ մանրադրամը փոխանցել հայկական հեռախոսահամարի կամ վերցնել գումարն առանց մանրադրամի: Եթե փոխարկման արդյունքում ձևավորվում է 1-99 ՀՀ դրամի չափով մանրադրամ, այն չի կարող փոխանցվել հեռախոսահամարի, այլ ավտոմատ կգանձվի որպես միջնորդավճար։
Ամերիաբանկն ընդգծել է, որ արտարժույթի փոխարկման ծառայությունից օգտվելու համար չի պահանջվում հաճախորդի նույնականացում, և դրանից կարող են օգտվել և՛ Բանկի հաճախորդները, և՛ հաճախորդ չհանդիսացող անձինք։