ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 20-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Սյունիքում նախարարի ու դեսպանի առաջին կանգառը Նորավանն էր, որտեղ դիտարկել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են և աշխատանքները բավական լավ տեմպերով առաջ են գնում։ «Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։
Հաջորդ կանգառը Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածն էր, որտեղ նույնպես դիտարկվել է շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված են և ճանապարհը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար և այն վարորդները, ովքեր տեղյակ են այդ մասին արդեն իսկ սկսել են այդ հատվածով երթևեկել։ «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ն ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Նոր կառուցվող ճանապարհները հանրապետական նշանակության կարգավիճակ կունենան»,-ասել է նախարարը։
Սանոսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ: