Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով: Հմապատասխան դրույթ է նախատեսվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ։
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հարցը քննարկվեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գեւորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետեւանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում:
«Հայաստանում փոխարժեքը լողացող է, և ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որևէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը և հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:
Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գեւորգ Պապոյանը նշեց, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավում է դրամով և հնարավորինս քիչ` արտարժույթով:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրեցին դիտարկումներ:
«Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծեց զեկուցողը:
Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: