Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Digital Almaty ֆորումում։
Իր ելույթում վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։
«Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։ Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։
«Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը»,- ասել է վարչապետը։
Միասնական թվային տարածություն ձևավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին, ասել է Փաշինյանը։ Նա կոչ է արել արագացնել տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման աշխատանքները։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդունել է Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը Հայաստանն արդեն ուներ թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ․ «Սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը»։
Այս համատեքստում Փաշինյանը մատնանշել է այնպիսի հիմնական նպատակներ, ինչպիսիք են տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովումը, հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացումը և բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցությունը: