Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ խորհուրդն ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով։
Նշվում է, որ Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։
ՌԴ առևտրաարդյունաբերության պալատի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ ներկաներին է դիմել ՌԴ առևտրաարդյունաբերության պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը երկարաժամկետ սերտ հարաբերություններ ունեն, և պարբերաբար միջոցառումներ են անցկացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Նա հիշեցրել է, որ Առևտրաարդյունաբերական պալատին կից գործում են 77 բիզնես խորհուրդներ, որոնք զարգացնում են գործարար կապերը տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև, խորհուրդների գործունեության կարևոր մասն է միջկառավարական հանձնաժողովների հետ աշխատանքը, խնդիրների վերհանումն ու լուծումները։ Կատիրինը շեշտել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի աճը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խորհուրդը պետք է լուծի լոգիստիկայի և փոխադարձ կարգավորման հարցերը։