«Ֆիթչ»(Fitch) վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ հղում անելով գործակալության հաղորդագրությանը:
«Ֆիթչ»-ը, մասնավորապես, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:
Ըստ գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը: Արձանագրվել է նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով:
Դրական է գնահատվում նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը՝ ընթացիկ հաշվի հավելուրդը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների 880 մլն ԱՄՆ դոլար ավելացմանը: