Իրանը կարող է դառնալ հայ զբոսաշրջիկների հիմնական ուղղություններից մեկը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա մեկշաբաթյա այցով եղել է Թեհրանում և մասնակցել փետրվարի 7-10-ը կայացած «Զբոսաշրջության և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին»։
Տնտեսագետն ընդգծել է, որ Իրանում հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, ինչը, նրա կարծիքով, Հայաստանի համար էլ ավելի հետաքրքիր է դարձնում այս երկրի զբոսաշրջային ներուժը։
«Թավրիզը ներկայացնող որոշ իրանական ընկերությունների ցուցատախտակներն ու գրքույկները պարունակում էին տեղեկատվություն Հայաստանի մասին, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին»,- նշել է Պարսյանը։
Իրանը, ըստ փորձագետի, կարող է դառնալ աշխարհում լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես կարելի է «կողք կողքի» ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունը։
Տնտեսագետը մեջբերել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ժամանել 116 430 զբոսաշրջիկ, ինչը 27,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։
«Չնայած Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2022 թվականին աճել է 2,6 անգամ, սակայն Հայաստանի զբոսաշրջային հոսքերը դեպի Իրան շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին տեղեկատվության պակասով, երբեմն էլ ոչ ճիշտ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով»,- եզրափակել է փորձագետը։