«Հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսպես է բնութագրում «Ֆիթչ» (Fitch) վարկանիշային գործակալության՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ արված դրական գնահատականները։
«Ֆիթչ»(Fitch) վարկանիշային գործակալությունը, վերանայելով Հայաստանի վարկանիշը, ընդգծել էր տնտեսության դրական դինամիկայի, բարձր տնտեսական աճի, մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքի, հարկային եկամուտների գերակատարման, ինչպես նաև պարտքի բեռի նվազման մասին։
«Այս գնահատականներն ինձ վստահություն չեն ներշնչում։ Այստեղ քաղաքական բաղադրիչ կա։ Արևմուտքի երկրները, նաև ֆինանսական և այլ վիճակագրական կազմակերպությունները պայաքարում են ռուսական գործոնը տարածաշրջանից դուրս մղելու համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրենք կիրառում են բազմաթիվ ստանդարտներ՝ ելնելով իրենց շահերից։ Իրենք ուզում են ցույց տալ, թե ՀՀ-ում, իբրև թե, տնտեսական նվաճումներ կան, բայց այդ գնահատականները մեծ աղերս չունեն իրականության հետ։ Նման միջազգային կազմակերպությունները քաղաքական դրդապատճառներից ու շահերից ելնելով կարող են հայտարարել, թե պարտքը փոքրանում է, կապիտալը՝ շատանում, բայց իրականությունն այլ բան է վկայում։ Որպես ՀՀ քաղաքացի եմ հարցնում, այդ դեպքում՝ ո՞ւր է մեր կապիտալը, ո՞ր ծրագրի վրա է իրականացվում»-ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով հատկապես պետական պարտքի բեռի նվազման մասին «Ֆիթչ»-ի գնահատականին՝ Վարդան Բոստանջյանը նշեց, որ այս առումով ևս իրականում այլ իրավիճակ ունենք։
«Պետական պարտքն այժմ շուրջ 10,4 միլիարդ դոլար է, վերջին 4-5 տարիներին այն ավելացել է շուրջ 4 միլիարդով։ Մենք շուտով կարող ենք հասնել 11 միլիարդի շեմին, ինչը մեզ համար վտանգավոր թիվ է։ Այդ պարտքը, փաստացի, ընթացիկ ծախսերի համար է օգտագործվում։ Այսինքն, նոր աշխատատեղեր, տնտեսական նոր ուղղություններ, նոր եկամուտներ ու հավելյալ արժեքներ չեն ստեղծում։ Պարտքը մեծանցնելով՝ հայտնվում ենք մեծ ծանրաբեռնվածության տակ։ Հետևանքը նաև տնտեսության ընդհանուր կառուցվածքի վատթարացմամբ է արտահայտվում»,-ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ «Ֆիթչ» (Fitch) վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը: «Ֆիթչ»-ը, մասնավորապես, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»: