ՀՀ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ:
Ինչպես հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Լիդիան Արմենիան» նույնպես անհատույց պետությանը է փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Նախարարը հավելեց նաև, որ հանքավայրից դուրս ևս 100 մլն դոլար է ներդրվելու՝ «Լիդիան-Ամուլսար» հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։
«Գումարն ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և լրացուցիչ տեխնիկա ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա փոխարեն չի վճարելու որևէ բան՝ փոխարենն ապահովելու է կորուստներից ապահովագրումը և նաև որպես բաժնետեր ազդակիր համայնքները համաձայն այս պայմանավորվածության ամեն տարի ընկերության կողմից ստանալու են 7 մլն դոլար աջակցություն»,-հայտարարեց Քերոբյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ այս ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ է ապահովելու՝ ոչ միայն մարզի, այլև ամբողջ ՀՀ-ի համար։
«Այն Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1 տոկոսով։ Ընկերությունն այս պահին ունի բոլոր թույլտվությունները, որևէ օրենսդրական արգելք չկա»,-հայտարարեց նա։
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրն է։ Այն հայտնաբերվել է ծավալուն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում։
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Լիդիան Արմենիայի կողմից Ամուլսար լեռան մերձակայքում իրականացված լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հետախուզվել, հաշվարկվել և արդյունաբերական նշանակություն են ստացել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի պաշարները: