Արագած լեռան լաջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի, որը վերաբերվելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։ Նախագծին կառավարությունը հավանություն տվեց մարտի 2-ի նիստում։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, համալիրն ստեղծվելու է 4400 ՀԱ տարածքի վրա։ Այն, կարելի է ասել, նոր գյուղ է՝ 300 մինիֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Ջրով համալիրն ապահովելու նպատակով 3 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար է նախատեսվում կառուցել։
Քերոբյանի խոսքով՝ կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր, որը կունենա 5 ճոպանուղային գծեր, 30 կմ սահուղիներ, հյուրանոցներ։ Կկառուցվեն 25 260 կմ ճանապարհ, ավտոկայանատեղիներ։
«Ծարգիրը կազմելու է 190 միլիոն դոլար։ Դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է հուշագիր, սակայն կորոնավիրուսով, պատերազմով և մրցակցային այլ ծրագրերի պատճառով 2021 թվականի օգոստոսին է տրվել ծրագիրն սկսելու հավանություն։ Ներդրողների հետ աշխատանքներն այժմ հասել են տրամաբանական «սկզբին»՝ ծրագրերի նախագծման փուլին»,- ասաց Քերոբյանը։
Նա նշեց, որ կարևոր է նախագծի սոցիալական բաղադրիչը։
«Մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր։ Կլիմայական փոփոխությունները բերում են նրան, որ ավելի ցածրադիր գոտիներում ապրելը դժվարանալու է և կարիք կա այսպիսի համալիրներ ստեղծել»,- նշեց նախարարը։
ՌԻԴ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում, ինչպես նշված է նախագծում, կստեղծվի 1112 նոր աշխատատեղ: