Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանը հզորացնել և՛ տնտեսապես, և՛ ռազմական առումով: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Սև ծով- Պարսից Ծոց երկայնքով առևտրային միջանցք ստեղծել:
Այս ծրագրի իրականացման դեպքում Հայաստանն, ըստ տնտեսագետի, կդառնա տարանցիկ երկիր տարածաշրջանում, երկրորդ՝ Հայաստանի անվտանգության աստիճանը կբարձրանա։
«Հայաստանում ներդրումներ կատարելու Հնդկաստանի շահագրգռվածությունը, նրա քաղաքական և տնտեսական շահերը մեր երկրում կարող են զսպող գործոն դառնալ։ Բացի այդ, Հայաստանը նաև հնարավորություն կունենա իր ապրանքներն արտահանել հսկայական շուկա ունեցող Հնդկաստան և ասիական այլ երկրներ»,- ասաց Պարսյանը։
Տեղական արտադրողների համար հնարավոր ռիսկերը, նրա խոսքով, կապված են այն բանի հետ, որ հնդկական էժան ապրանքները կարող են ողողել հայկական շուկան։ Բացի այդ, Հնդկաստանից էժան աշխատուժի հնարավոր ներհոսքը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Հայաստանի բնակիչների համար տեղական աշխատաշուկայում: «Խոսքն առաջին հերթին որակավորում չպահանջող աշխատուժի մասին է»,- պարզաբանեց փորձագետը։
Պարսյանի խոսքով՝առևտրի միջանցքի գաղափարը նոր չէ, Չինաստանը նույնպես ունի նմանատիպ ծրագրեր Իրանի միջոցով, որոնք նախատեսում են Հայաստանի տարածքով չինական ապրանքների առաքումը Եվրոպա, սակայն Հնդկաստանն այս հարցում ավելի շատ է շահագրգռված, քանի որ Չինաստանի այլընտրանքային երթուղիները քիչ են։
«Հիմա հնդկական կողմը փորձում է գտնել նոր այլընտրանքային ուղիներ, որոնցից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով, բայց սա դեռ ընդամենը գաղափար է, որի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք ծրագրեր, սկսել բանակցություններ հնդկական և իրանական ընկերությունների հետ»,- ասաց Պարսյանը։
Նրա խոսքով, նման ծրագրերով շահագրգռված է նաև Ադրբեջանը, որը նախկինում Իրանին 800 մլն դոլարի վարկ էր տրամադրել Աստարա-Ռաշտ երկաթուղու կառուցման համար, որը իրանական Աբադան նավահանգիստը կապելու էր Ադրբեջանի հետ, իսկ այնուհետև Վրաստանի հետ՝ իրանական ապրանքները Եվրոպա հասցնելու համար։
«Այսպիսի ծրագրեր էլ կան, որոնցում Ադրբեջանը մեզնից առաջ է։ Հայաստանում 2009 թվականին մեկնարկած «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չավարտվեց։ Եվ այսօր, երբ մենք առաջարկում ենք այս նախագիծը հնդկական ընկերություններին, պետք է հասկանանք, որ ավտոմայրուղու կառուցումը բավականին երկար գործընթաց է, որը պահանջում է մեծ թվով շինարարական ընկերությունների մասնակցություն և լուրջ մարդկային ռեսուրսներ»,- ասաց փորձագետը։
Պարսյանի խոսքով, Հնդկաստանը մեծ շինարարական ծրագրեր իրականացնելու փորձ ունի, սակայն առայժմ հստակ տեղեկություն չկա, թե հնդկական կողմը շահագրգռվա՞ծ է Սյունիքում, Հայաստանի հյուսիսում, Բավրայի հատվածում շինարարական աշխատանքներ կազմակերպելու հարցում։
«Հնդկաստանը շահագրգռված է այս տարածաշրջանում հայկական գործոնի ուժեղացմամբ, քանի որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ է պահպանում Հնդկաստանի հակառակորդների՝ Թուրքիայի և Պակիստանի հետ։ Այս առումով Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանի հզորացման հարցում թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Պատահական չէ, որ Հնդկաստանը հայտարարել է Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու իր մտադրության մասին և արդեն իրականացնում է այդ մտադրությունը»,- ասաց Պարսյանը։
Նա նշեց, որ Հնդկաստանի տնտեսական նախագծերի իրականացումը Հայաստանում պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք, և հայկական կողմը պետք է առավելագույնս ակտիվացնի բանակցությունները Հայաստան հնդկական ընկերությունների ներգրավման շուրջ՝ օգտագործելով նաև ԵԱՏՄ-ի հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին Սև ծովով առևտրային միջանցք տրամադրել՝ հնդկական ապրանքների երթուղին դեպի Ռուսաստան և Եվրոպա ավելի արագացնելու համար։ Հնդկական ԶԼՄ-ները նշում են, որ առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ըստ Երևանի առաջարկի՝ երթուղին պետք է Մումբայը Իրանի և Հայաստանի միջոցով միացնի Եվրոպային՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Երևանն ու Դելին «այնքան էլ լավ հարաբերություններ չունեն»։
Արաքսյա Սնխչյան