Հնդկաստանը դիտարկում է Հայաստանի՝ Սև ծովով Եվրոպային կապող նոր տարանցիկ երթուղուն մասնակցելու հնարավորությունը։
Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
2020 թվականից Հնդկաստանը դիտարկում է միջազգային տարանցիկ նոր երթուղու գործարկումը, որը կարող է անցկացվել հնդկական Մումբայ նավահանգստից դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև՝ ցամաքային ճանապարհով Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սևծովյան նավահանգիստներ:
Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել այլընտրանքային բեռնափոխադրման միջանցք, որի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Իրանը Հայաստանի և Սևծովյան երկրների միջոցով կկապվեն Եվրոպայի հետ։
Միջանցքը թույլ կտա Եվրոպայի երկրներին կրճատել դեպի Հնդկաստան և Արևելյան Ասիայի երկրներ ապրանքների տեղափոխման ժամանակահատվածը։
Հիշեցնենք, որ հնդկական The Economic Times-ի պարբերականը հայտնել է, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին միջանցք ստեղծել Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկայնքով: Առաջարկն, ըստ թերթի, արվել է մի խումբ հայ բարձրաստիճան պաշտոնյաների ու փորձագետների կողմից՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։