«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով, ասվում է գերատեսչության հաղորդագրությունից։
«Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանի այլ արտադրողներից Ռուսաստան կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի կաթնամթերքի հայկական բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում։
Գործակալությունը հայտնում է, որ մարտի 20-ից մարտի 24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից անցկացված ստուգման ընթացքում հաստատվել է այն փաստը, որ հայ արտադրողներն օգտագործում են հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։
«Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը», – նշում է «Ռոսսելխոզնադզորը»:
Գործակալությունը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։
«Ռոսսելխոզնադզորը հատկապես անհանգստացած է Մաքսային միության ռեգիստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ընդգրկման դեպքերով` առանց ռուսական կողմի հետ համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժմանը»,- ավելացրել են գերատեսչությունում: