«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։ Որոշումը կայացվել է մարտի 31-ին Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցություններից և մարտի 20-24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքներով։
Փորձագետները պարզաբանել են, թե ինչով կարող էր պայմանավորված լինել ռուսական կողմի նման որոշումը։ Ինչպես Armenia Today-ին ասաց Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ խնդիրն ավելի շուտ կապված է պետական վերանսկողության արդյունավետության և երաշխիքների հետ:
«Երբ մենք խոսում ենք սննդամթերքի անվտանգությունից, շատ հաճախ և մասնագետները, և սպառողները շփոթում են անվտանգ սննդամթերքի հետ: Անվտանգ սնունդ նշանակում է սնունդ, որը զերծ է քիմիական կամ կենսաբանական աղտոտիչներից, որոնք կարող են առաջացնել մարդու առողջական խնդիր, իսկ սննդամթերքի անվտանգությունը երաշխիք է, որ սննդամթերքի նպատակային օգտագործման դեպքում մարդու առողջությանը վտանգ չի սպառնում նաև հեռահար, այսինքն՝ սերունդներին»,- ասաց Պիպոյանը:
Ըստ նրա՝ դա ենթադրում է համապատասխան գործիքակազմի առկայություն, իսկ ՀՀ-ում տարիներ շարունակ սննդի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացվում է խիստ ցածր մակարդակով:
«Ինձ համար Ռոսսելխոզնադզորի որոշման մեջ որևէ զարմանալի բան չկա, այնպես չէ, որ այդ կառույցը պետք է ասեր, որ ես իմանայի, որ սննդի անվտանգության վերահսկողության մարմինը պատշաճ չի իրականացվում: Ես դա գիտեմ վաղուց»,- ասաց փորձագետը:
Պիպոյանը ասում է՝ ոլորտը բարելավելու համար հանդես է եկել տարբեր առաջարկներով, սակայն ոչ պատկան մարմինը, ոչ քաղաքականություն մշակողը ցանկություն չի ունեցել ոլորտը բարեփոխել: Պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է:
Նա նշեց, որ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ խնդիրն իրանական հումքն է, ոչ թե անվտանգությունը, սակայն ՌԴ-ն կոնկրետ այդ հունքի կիրառության, ինչպես նաև երրորդ երկրների ռեեստրների գործունեության հետ կապված համարում է, որ պատշատ վերահսկողություն չի իրականացվում:
«Այս օրերին շատ է քննարկվում՝ սա քաղաքակա՞ն է, թե՞ ոչ. ինձ չի հետաքրքրում: Եթե քաղաքական է, մի տեղ են սխալվել, եթե քաղաքական չէ՝ մեկ այլ տեղ: Իսկ իրականում երկու տեղում էլ սխավել են: Ո՛չ դիվանագիտական դաշտում են նորմալ աշխատել, ո՛չ էլ մասնագիտական»,- աաց սննդագիտության դոկտորը:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին՝ կապված վատ վերահսկողության և հայկական կողմի սահմանափակող միջոցների խախտման հետ։ Ավելի ուշ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայտնել է, որ արտահանվող կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից հայկական կաթնամթերքի ստուգումներն իրականացվում են բացառապես անվտանգության նկատառումներով։ Նա պարզաբանեց, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա:
Արաքսյա Սնխչյան