«Ռոսսելխոզնադզոր»-ի՝ հայաստանյան կաթնամթերքը Ռուսաստան ներմուծելու արգելքի մեջ հայ փորձագետները տեսնում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական դրդապատճառներ: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառում քաղաքական դրդապատճառը, որովհետև այդպիսի նախադեպեր եղել են:
«Ես հիշում եմ, երբ ՌԴ-ն տարիներ առաջ տարաձայնություններ ուներ Վրաստանի հետ, արգելվեց «Բոռժոմին», դրա հետ կապված՝ Ռուսաստանում բազմաթիվ անլեգալ արտադրամասերում «Բոռժոմի» էին շշալցնում: Նույն ձևով արգելվեցին մոլդովական գինիները, երբ նրանք խնդիրներ ունեին ՌԴ-ի հետ, և Լիտվանի կաթնամթերքը: Նման բաներ լինում են»,- ասաց տնտեսագետը՝ այնուամենայնիվ չհամաձայնվելով հարցը ամբողջապես քաղաքականացնելու միտումներից: Ըստ նրա՝ միևնույն է՝ նման որոշումները պետական մարմինը ընդունում է՝ ելնելով որակի խնդիրներից: «Ճիշտ չէ, գուցե և ընդհանրապես սխալ է ամեն ինչ վերագրել քաղաքական շահին»,- ասաց Մակարյանը:
Կաթնամթերքի արգելքը ամբողջովին քաղաքական որոշում է համարում տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Armenia Today-ի հետ զրույցում նա ասաց, որ ակնհայտ է, որ դա պատժամիջոց է Հայաստանի դեմ՝ Հաագայի դատարանին միանալու գործընթացի համար:
«Ակնհայտ է. Ռուսաստանից բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ դրան հետևանքներ են լինելու, և այդ հետևանքները հասցվում են պատժամիջոցների տեսքով»,- ասաց նա: Միքայելյանը կարծում է, որ սա միակ տնտեսական արգելքը չէ, որ կարող է լինել: Այս գործընթացին կարող է հետևել միրգ-բանջարեղենի արգելքը:
Հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Հայաստանը արգելքը վերացնելու ուղղությամբ, Միքայելյանը պատասխանեց, որ ՍԴ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերագրումը ենթադրում է, որ որոշումն ընդունված է, սակայն գոնե ԱԺ-ում պետք է մերժվի կամ անժամկետ հետաձգվի, որպեսզի դա հարաբերությունների վրա չազդի:
«Հաագայի դատարանը Հայաստանին որևէ օգուտ չի կարող տալ, իսկ վնասներ՝ բազմաթիվ»,- հիմնավորեց տնտեսագետը:
Ըստ Գագիկ Մակարյանի, սակայն, արգելքը վերացնելու միջոցը տնտեսական է:
«Ամենաճիշտն այն է, որ ՍԱՏՄ-ն, եթե ավարտել է իր սեփական ստուգումները, ապա հրապարակի արդյունքները, որոնք կժխտեն մյուս լաբորատորիայի արդյունքները: Պետք է ՍԱՏՄ-ն ստուգի և ներկայացնի իր ստուգումները և դրանք ուղարկի Ռուսաստան, խոսի իր ռուսական գործընկերության հետ՝ ասելով, որ արգելանքը հանեն: Այստեղ կարող է միջամտել Էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև նա է նաև տնտեսվարողների շահերը ներկայացնում»,- ասաց Մակարյանը՝ ընդգծելով, որ այլապես տուժում է ոչ միայն տնտեսությունը, այլ նաև ՀՀ վարկանիշը:
Հրանտ Միքայելյանն իր հերթին ասաց, որ թեև այս արգելքը պետական բյուջեի վրա մեծ անդրադարձ չի ունենա, սակայն ընկերությունները և գյուղացիական տնային տնտեսությունները տուժելու են:
Տնտեսագետները նշեցին, որ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ պակաս թիվ է կազմում կաթնամթերքի արդյունաբերությունը: Նրանք կարծում են, որ արտահանման ծավալները փոքր-ինչ կնվազեն, սակայն ավելի վատ է այն, որ շուկան արագորեն կգրավեն այլ երկրների ընկերությունները, օրինակ բելառուսական: Բացի այդ՝ ներքին սպառման թվերը ևս կրճատվելու են, քանի որ անվստահություն է ձևավորվել կաթնամթերք արտադրողների նկատմամբ:
Նշենք, որ կաթնամթերքի արտադրությունը Հայաստանում ամբողջությամբ մասնավոր սեկտորի վրա է, չկան պետական արտադրանքներ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին՝ կապված վատ վերահսկողության և հայկական կողմի սահմանափակող միջոցների խախտման հետ։ Ավելի ուշ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայտնել է, որ արտահանվող կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Արաքսյա Սնխչյան