Ադրբեջանն արգելել է Իրանից ավելի քան 446 տոննա կիվիի ներկրումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական կարգավորող մարմնին։ Պտուղների մեջ հայտնաբերվել են վնասատուներ։
Ավելի վաղ Ադրբեջանում մերժվել էր Իրանից ներկրված նարինջը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, ըստ փորձաքննության արդյունքների, նրանց մոտ հայտնաբերվել է ցիտրուսային տրիստեզա վիրուս։
Իրանից կիվիի և նարինջի ներկրումն արգելելու որոշումն ընդունվել է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլի ֆոնին, որն սկսվել էր Բաքվի հայտարարությունից հետո, որ իրանական ռազմական ինքնաթիռ է թռչում իրանա-ադրբեջանական սահմանին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ: Մարտի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը եղել էր Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում և ստուգել իրանցի զինվորականների մարտական պատրաստվածությունը:
Մարտի վերջին կայացել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցն Իսրայել, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր: Մարտի 30-ին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Ադրբեջանում են գտնվում «սիոնիստական» ուժեր և ԻՊ գրոհայիններ, որոնք բերվել են Սիրիայից և օգտագործվել են Բաքվի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում, Բաքվում այդ հայտարարությունները հերքել էին: