ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին առաջարկել է չդրամատիզացնել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառված սահմանափակումների հարցը:
«Մեր գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է: Մենք այս հարցը քննարկում ենք գործընկերների հետ: «Ռոսսելխոզնադզոր»-ի արգելքը հակասում է ԵԱՏՄ ներսում առևտրի կանոններին: Մենք այդ հարցը քննարկում ենք գործընկերների հետ։ Բացի այդ, բանակցություններ են տարվում, որ կարողանանք հնարավորինս արագ լուծել այս հարցը»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ արգելքի վերացման մասով ժամկետներ նշել չի կարող:
Նա նշել է, որ կաթի արտադրությունը գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ:
«Այնպես որ, առաջարկում եմ իրավիճակը չդրամատիզացնել: Մենք նախորդ տարի, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շուկա ենք արտահանել 18 մլն դոլարի կաթնամթերք, որը մեր արտահանման ծավալի մեկ տոկոսից էլ քիչ է: Այսինքն, այս տեսանկյունից մենք դրամատիկ իրավիճակ չունենք»,- ասաց նախարարը:
Ապրիլի 12-ին Քերոբյանը Հայաստանից կաթնամթերքի մատակարարման ռուսական արգելքն «առևտրային բարիեր» էր անվանել Երևանի համար։ «Մեր տեսակետն այն է որ այդպիսի որոշում չէր կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ «Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ «հետողորմյա» անենք այդ որոշումները կամ դրա մի մասը»,- նշել էր Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: