Սոթքի հանքն արդեն հինգ օր է չի աշխատում, աշխատակիցներին ուղարկել են անորոշ ժամանակով հարկադիր պարապուրդի, Armenia Today-ին ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում դեռ պարզ չէ, թե երբ ընկերությունը կվերականգնի աշխատանքը»,- հավելեց նա։
Քանի՞ աշխատակից է դադարեցրել աշխատանքը եւ ինչ պայմաններով են նրանց ուղարկել արձակուրդ, Գրիգորյանը չմանրամասնեց։
Նրա խոսքով, աշխատակիցների կողմից հերթափոխի յոթ փորձ ձախողվել է Ադրբեջանի կողմից գնդակոծության պատճառով։ Նման պայմաններում, անվտանգության նկատառումներից ելնելով, ընկերությունը չի կարող աշխատակիցներին թույլ տալ այնտեղ աշխատել, ընդգծեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ աշխատակիցների մեջ վիրավորներ չկան, վնասված տեխնիկա նույնպես չկա։ Գրիգորյանը հայտնեց, որ եթե աշխատակիցները հարկադիր արձակուրդ են գնում, դա չի նշանակում, որ ընկերությունը սպասում է փակմանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ապրիլի 14-ի երեկոյան կրակ են բացել Սոթքի հանքի ուղղությամբ, աշխատակիցները տարհանվել են: