Հայկական ընկերությունները Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի մեջ են ներառվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերին, որոնք իր տրամադրության տակ են հայտնվել։
Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները կազդեն Հայաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Ուզբեկստանի ավելի քան 35 ընկերությունների վրա, որոնց անունները Bloomberg-ը չի բացահայտել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ԵՄ-ն հայկական ընկերություններին կասկածում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ։ Նշվում է, որ հայկական ընկերությունները շրջանցու են Արևմուտքի պատժամիջոցները։ Bloomberg-ը նշել է, որ պատժամիջոցները կվերաբերեն մոտ 70 մարդու, բայց նրանց անուններն ու քաղաքացիությունը չի հայտնել։
«Եվրահանձնաժողովը կոչ է արել արտահանման ավելի խիստ սահմանափակումներ կիրառել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև այն ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը»,- ասված է Եվրահանձնաժողովի փաստաթղթերից մեկում:
Միևնույն ժամանակ, Bild պարբերականը հրապարակել է ԱՊՀ երկրների տարածքով դեպի Ռուսաստան գերմանական արդյունաբերության ապրանքների արտահանման վերաբերյալ մի ուսումնասիրություն, որտեղ ևս նշվել է Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու մասին։ Ըստ Bild-ի՝ Գերմանիայի վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Գերմանիայից արտահանումը Հայաստան, Ղազախստան և Վրաստան կրկնապատկվել է։
Պարբերականը ներկայացրել է Գերմանիայի տնտեսության Արևելյան կոմիտեի 2022 թվականի հաշվարկները, որոնց համաձայն՝ Գերմանիայից Հայաստան արտահանումը որոշ ապրանքների մասով ավելի քան հարյուր տոկոսով է աճել։
Մասնավորապես՝ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի արտահանումն աճել է 761 % -ով, քիմիական արտադրանքինը՝ 110 % -ով, էլեկտրական սարքավորումներինը՝ 344 %-ով, փայտանյութինը՝ 301 % -ով։
Գերմանիայի իշխանությունները, ըստ Bild-ի, նման վիճակագրությունն «անթույլատրելի» են համարել։ Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով փաստաթղթին, գրել էր, որ 2022 թվականին՝ 2021-ի համեմատ, Հայաստանը 515 % -ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ է ներմուծել ԱՄՆ-ից և 212 % -ով ավելի շատ՝ ԵՄ-ից։
«Այնուհետև Հայաստանը նույն արտադրանքի 97 %-ը վերաարտահանել է Ռուսաստան»,- հավելել էր թերթը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մարտի 2-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի սահմանափակումները և այդ ամենը միայն խոսակցություններ են։