Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան, այս մասին խորհրդարանական 3 հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ես պաշտոնական տեղեկություն չեմ ստացել, բայց կարծես թե պաշտոնական է, որ Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի արտահանումը Ռուսաստան»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ դա կազդի խաղողի բերքահավաքի վրա, և կառավարությունը հնարավորինս արագ արձագանքում է իրավիճակի փոփոխությանը։
Այս առնչությամբ նախարարը խոսեց խաղողագործության ոլորտում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների մասին, մասնավորապես, Քերոբյանի խոսքով, հանրապետությունում այժմ ավելի շատ գինեգործական խաղողի տեսակներ են տնկվում։
Երեւանի կոնյակի գործարանը ֆրանսիական Pernod Ricard ընկերության մաս է կազմել 1998թ.: 2023 թվականի մայիսի 12-ին Pernod Ricard-ը հայտարարեց Ռուսաստանի Դաշնություն ալկոհոլի արտահանման դադարեցման մասին։