Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել «Արարատ» կոնյակի արտահանումը Ռուսաստան, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։
«Երևանի կոնյակի գործարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ կատարելով բոլոր պարտավորությունները բոլոր երկրների բոլոր գործընկերների հանդեպ»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Ընկերությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Աղբյուրն ընդգծել է, որ գործարանը հավատարիմ է մնում սպառողին արտադրանքի շարունակական հասանելիությունն ապահովելու սկզբունքին։
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին հայտարարել էր, որ Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել մատակարարումները Ռուսաստան։ «Ես պաշտոնական տեղեկություն չեմ ստացել, բայց կարծես թե պաշտոնական է, որ Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի արտահանումը Ռուսաստան»,- ասել է նախարարը։
Երեւանի կոնյակի գործարանը ֆրանսիական Pernod Ricard ընկերության մաս է կազմել 1998 թվականին։ Մայիսի 12-ին Pernod Ricard-ը հայտարարել էր Ռուսաստանում ալկոհոլի արտահանման դադարեցման մասին։