Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե եվրոպացիները, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, խնդրե՞լ են խստացնել վերահսկողությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք Ռուսաստանին կարող են օգնել նրան շրջանցել պատժամիջոցները։
Նա հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է արևմտյան երկրների հետ բոլոր բանակցություններում, հատկապես վերջին շրջանում, և մանրամասնել, որ հրահանգներ է տվել «խստորեն վերահսկել» աշխատանքը Ռուսաստանի հետ՝ պատժամիջոցներից խուսափելու համար։
«Եթե մենք ընկնենք Արևմուտքի պատժամիջոցների տակ, մեր դաշնակիցներից ոչ մեկի վիճակը ավելի լավ չի լինի, և մենք կփչացնենք հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ»,- բացատրեց նա: Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումների օրակարգում է եղել նաև արևմտյան պատժամիջոցների թեման։
«Հայաստանը թափանցիկ երկիր է, մեր բոլոր ցուցանիշները տեսանելի են, և մենք սեւ առեւտրով չենք զբաղվելու։ Մենք կապի մեջ ենք գործընկերների, տեղական ընկերությունների, պետական մարմինների հետ, որպեսզի հնարավորինս ճիշտ դիրքավորվենք»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մինչդեռ երկիրը նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և նրա հետ ունի խորը տնտեսական և ռազմավարական հարաբերություններ։ Սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանը, նաև այս և այլ հանգամանքներով պայմանավորված, չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ։
«Հիմա ամեն ինչ տեղավորվում է իմ ասածի շրջանակներում, սրա վերաբերյալ ես համապատասխան հրահանգ եմ տվել խիստ վերահսկողություն սահմանել»,- եզրափակեց նա։
Վարչապետը նշեց, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք արդեն իսկ «թիրախավորվել» են պատժամիջոցների առումով։ «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք գտնվում են, այսպես կոչված, ռադարի վրա, նրանց գործունեությունը կուսումնասիրվի և համապատասխան եզրակացություններ կարվեն»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ իրավասու չէ հայկական բիզնեսին պատվերներ տալ. «Բայց, մյուս կողմից, մենք բացատրում ենք մեր գործընկերներին, որ շատ դեպքերում պատժամիջոցները կարող են խախտվել անզգուշությամբ։ Երբ գիտեն, որ այս կամ այն սանկցիա է մտցվել ու միտումնավոր խախտում են, սա հարցի մի կողմն է։ Բայց իրականում պատժամիջոցների համակարգը բարդ է, և որոշումները հաճախ փոխվում են։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ, չիմանալով, որ խնդրի առաջ են կանգնելու, երկիրը կանգնեցնում են խնդրի առաջ կամ ստեղծում են նման ռիսկ»,- եզրափակեց նա։
Փաշինյանը հավելեց, որ երկրի իշխանություններն աշխատում են բոլոր ուղղություններով, որպեսզի չխախտեն Արևմուտքի պատժամիջոցները, «մյուս կողմից՝ աշխատում են Ռուսաստանի և պատժամիջոցներ կիրառած երկրների հետ գործընկերային հարաբերությունների վրա»։ Նա օրինակ բերեց, որ Իրանի հետ հարաբերությունները պակաս կարեւոր չեն Հայաստանի համար, սակայն այս երկրի դեմ պատժամիջոցները գործում են 2009 թվականից։
«Եվ Հայաստանը հետևում է այդ պատժամիջոցներին»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։
The Wall Street Journal-ը մայիսի կեսերին Հայաստանն անվանեց Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հիմնական մատակարարներից մեկը: ԱՄՆ-ից և ԵՄ-ից երկակի նշանակության ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան 2022 թվականին աճել է գրեթե 50%-ով՝ 2021 թվականին 14,6 մլրդ դոլարից հասնելով 24,3 մլրդ դոլարի, ասվում է հրապարակման մեջ։ Դրանում նշվում է, որ Արևմուտքը մտավախություն ունի, որ այդ երկրները կօգտագործվեն Ռուսաստանի կողմից՝ իր դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։
Միաժամանակ, Հայաստանի կառավարության խոսնակը թերթին ասել է, որ Երեւանը «չի մասնակցել ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որեւէ գործընթացի կամ գործողության»։ Նա հավելել է, որ Հայաստանը «ուժեղացրել է մաքսայինում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը, և երկրի իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ»։
Դրանից հետո՝ մայիսի 19-ին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց լաբորատոր սարքավորումների եւ քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական Medisar ընկերության դեմ։