Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը տարեսկզբից աճել է գրեթե 100 տոկոսով, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, բացարձակ թվով հունվարից ապրիլ ցուցանիշը կազմել է գրեթե 140 մլրդ ռուբլի կամ 660 մլրդ հայկական դրամ։ ՌԴ վարչապետը հավելել է, որ հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 4 500 ընկերություն, որոնց կուտակված ներդրումները գերազանցում են Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 46%-ը։ Նրա խոսքով, Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ նոր նախագծերով էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում։
«Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել լուծումներ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման, խելացի և անվտանգ քաղաքների և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում»,- ընդգծել է Միշուստինը։
Փաշինյանը մայիսի 22-ին ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատելու է այնպես, որ չհայտնվի արեւմտյան պատժամիջոցների տակ։ Նա հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է արևմտյան երկրների հետ բոլոր բանակցություններում և պարզաբանել, որ հրահանգներ է տվել Ռուսաստանի հետ աշխատանքը «խստորեն վերահսկելու»՝ պատժամիջոցներից խուսափելու համար։ «Եթե մենք ընկնենք Արևմուտքի պատժամիջոցների տակ, մեր դաշնակիցներից ոչ մեկի վիճակը ավելի լավ չի լինի, և մենք կփչացնենք հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ»,- բացատրեց նա: Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումների օրակարգում է եղել նաև արևմտյան պատժամիջոցների թեման։