Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց տարածաշրջանում, Սոչիում՝ Եվրասիական կոնգրեսի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է էներգետիկ անվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ։
«Հայաստանում աշխատանքներ են տարվում էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ։ Երկիրը զարգացնում է արտադրական հզորությունները՝ իրականացնելով էլեկտրահաղորդման գծերի ենթակայանների լայնածավալ վերակառուցում։ Ընթացքի մեջ է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, որոնք նպաստում են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգիայի երթուղու ձևավորմանը և նոր հնարավորություններ կստեղծեն էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման համար»,- նշել է կառավարության ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում. «Կարևոր է նաև ածխածնային չեզոքության հասնելը և կանաչ էներգիայի զարգացման անցումը: Պատահական չէ, որ այս հարցերը ամուր մտել են էներգետիկ և տնտեսական օրակարգ»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն այսօր Սոչիում։
Փաշինյանը հունիսի 7-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սոչիում։ Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Միջոցառման շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը տարեսկզբից աճել է գրեթե 100 տոկոսով։ Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ նոր նախագծերով էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում։