Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5 տոկոս՝ ներկայում Հայաստանում գործող 20 տոկոսի փոխարեն: Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում։
Նախագծում հստակեցված է, որ տնտեսական գործունեություն իրականացնող որոշ խմբերում ներառված գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպության աշխատակիցներին, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է ՀՀ դուրս գտնվող աղբյուրներից վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից եկամտային հարկը կհաշվարկվի 5 տոկոս դրույքաչափով։
Նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։
«Հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասված է նախագծում։
Նախագծի հեղինակները որպես հիմնավորման օրինակ են բերում Բելառուսի, Ղազախստանի, Պորտուգալիայի և Կիպրոսի փորձը: Այսպես, Կիպրոսում ՏՏ ընկերությունները կարող են խնայել հարկերը՝ օգտագործելով մտավոր սեփականության (IP) Box ռեժիմը: Ռեժիմը թույլ է տալիս նվազեցնել եկամտահարկի հարկային բազան մինչև 80%-ով՝ որակյալ մտավոր սեփականության (ՄՍ) օգտագործումից ստացված որակյալ շահույթի գծով:
Պորտուգալիայում այդպիսի ընկերությունների համար հարկեր չկան արտերկրից ստացած եկամտի վրա: Ստացված եկամտի հարկերը՝ 20%:
Ղազախստանի տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են հետևյալ հարկային արտոնությունները՝
Հարկային արտոնություններ 0%՝ կորպորատիվ եկամտահարկ, անհատական եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ և ոչ ռեզիդենտների սոցիալական հարկ։
Նախագծի քննարկումն ավարտվել է հունիսի 9-ին և արժանացել 64 տոկոս հավանության: Հետագայում այն կքննարկվի կառավարությունում և խորհրդարանում: