Էլեկտրոնիկա մատակարարող հայկական «Տակո» ՍՊԸ-ն հայտնվել է ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցների տակ, ասվում է Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։ Ցուցակում ավելացել է 87 կազմակերպություն, որոնք Հայաստանից բացի գրանցված են Չինաստանում, Ուզբեկստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
«Նրանք (այս ընկերությունները) ենթակա են երկակի նշանակության ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումների»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ տեղակագրի՝ ԵՄ-ից Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ արտահանվող երկակի նշանակության ապրանքների (առաջադեմ տեխնոլոգիաներ, ավիացիոն նյութեր) տարանցման արգելքի երկարաձգումը կնվազեցնի Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու ռիսկը:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր հայաստանյան «Tako LLC» ընկերությունը, իսկ մայիսի 19-ին պատժամիջոցներ սահմանեց նաև լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական «Medisar» ընկերության դեմ։ Ավելի ուշ՝ մայիսի 22-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։