Մոտ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, Armenia Today-ը հայտնել էր՝ ռուսական բջջային խաղերի խոշոր արտադրող Nexters-ը գրասենյակ է բացել Հայաստանում: Մեկ տարի անց մեր նկարահանող խումբն այցելեց ընկերության Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակ:
Այստեղ ամեն օր իրենց աշխատանքը կազմակերպում է 250 աշխատակից, որոնցից 150-ն աշխատում է հեռավար: Նախորդ տարի, Nexters-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում եղել է 380-րդը` վճարելով 940 մլն դրամ (2,4 մլն ԱՄՆ դոլար) եկամտային հարկ: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ադապտացվել, ի՞նչ են անում և վերջապես ի՞նչ են պատմում Հայաստանում աշխատանքի մասին:
«Ինձ շատ է դուր գալիս աշխատել ընկերությունում: Թիմը շատ օգնող է, մեզ մոտ չկան լարված հարաբերություններ, հակառակը, այստեղ շատ ընկերական է: Եթե ինչ-որ մեկին օգնություն է անհրաժեշտ, ապա միանգամից օգնում ենք մեկս մյուսին և փորձում ենք բաց լինել իրար հանդեպ, որպեսզի բոլորի մոտ ամեն բան լավ լինի»,- ասում է Nexters-ի երևանյան օֆիսի մենեջեր Լուսինե Պողոսյանը:
Հայաստան տեղափոխվելու ժամանակ խնդիրներ եղել են` նոր երկրում ադապտացվելու ժամանակ է պահանջվել: Մեկ տարի անց ասում են՝ ստացվել է հիմնավորվել ու աշխատակիցներն այստեղ իրենց լավ են զգում:
«Աշխատողներն արդեն սովորում են հայերեն, օգտագործում են հայերեն արտահայտություններ՝ «Ինչպե՞ս են գործերը», «Ի՞նչ նորություն», «Բարև», «Ցտեսություն», «Խնդրում եմ»… Սա ինձ շատ է ուրախացնում»,- պատմում է Լուսինեն:
«2022 թվականի գարնանը Հայաստան է տեղափոխվել մոտ 30-40 մարդ։ Հայաստանը կյանքի համար շատ հարմարավետ երկիր է։ Ես, լինելով հայ, կարող եմ դա հաստատել։ Բայց աստիճանաբար աշխատակիցներն սկսել են խոսել նոր վայրի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին, և մյուսները ևս սկսել են ավելի ակտիվ գալ Հայաստան»,- ասում է Nexters-ի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Հախնազարյանը։
Օլգան թիմին միացել է տասը տարի առաջ: Այստեղ նա ստեղծել է կարիերային աստիճան ու քայլ առ քայլ բարձրացել: Այսօր նա զբաղվում է հարցերով, որոնք վերաբերում են հենց թիմին ու ադապտացիային: Իսկ Հայաստանում անձամբ հարմարվելու կարիք այդքան էլ չի ունեցել:
«Հայաստան եկել եմ ամուսնուս հետ անցյալ տարվա օգոստոսին: Չեմ կարող ասել, որ առանձնահատուկ դժվարությունների եմ հանդիպել, լեզվական բարիեր, փառք Աստծո, չի եղել, քանի որ Հայաստանում բոլորը գիտեն ռուսերեն և, բացի այդ, ամուսնուս հետ սովորում ենք հայերեն: Չեմ կարող ասել, որ հայերեն լավ եմ խոսում, բայց փոքր-ինչ հասկանում եմ, մի փոքր բացատրում եմ, ամեն ինչ դեռ առջևում է, որովհետև հայերենը շատ գեղեցիկ է, բայց նաև շատ բարդ է»,- ասում է Nexters-ի մարդկանց և թիմի պրոդյուսեր Օլգա Ֆրոլովան:
Դինարան Nexters-ում ինը տարվա աշխատանքային կենսագրություն ունի: Թիմում մարդիկ պայծառ են, ինչն էլ խթան է հանդիսացել, որպեսզի նա չձանձրանա ու աշխատանքը շարունակի ըներությունում:
«Հայաստանում կա մշակույթ, որը չկա ռուսաստանում: Հայերը գիտեն հայերեն, անգլերեն, ռուսերեն գրեթե լավ մակարդակով, որովհետև մանկուց են սովորում և շատ ճկուն կարողանում են հարմարվել այդ լեզուների միջև, և մենք՝ ռուսներս, այս առումով սովորելու շատ բան ունենք: Հիանալի կլիներ, որ այս մեթոդը կիրառվեր նաև Ռուսաստանում»,- ասաց Nexters-ի հավաքագրման բաժնի ղեկավար Դինարա Գարիֆզյանովան:
Քո հաջորդ արկածներն այստեղ են, ասում են Nexters-ում: Նրանք ստեղծում են խաղեր, որոնք ամբողջ աշխարհում ներբեռնվել են ավելի քան 300 միլիոն անգամ: Ընկերությունն ունի խաղացողներ ամբողջ աշխարհում։ Ո՞րն է նրանց հաջողության գրավականը:
Խոսելով հաջողության գաղտնիքի մասին՝ աշխատակիցներն առաջին տեղում դնում են ընկերության կորպորատիվ մշակույթն ու արժեքները, նրա հիմնադիրների՝ ոգեշնչման պայմաններ ստեղծելու ցանկությունը, ինչպես նաև նորի հանդեպ բաց լինելը: Այստեղ աշխատակիցները կարող են համարձակորեն առաջարկել նոր գաղափարներ և նախագծեր։
«Ինձ թվում է, որ պետք չի ունենալ «ֆիշկա», որով կինենք բոլորից լավը: Առանց դրա էլ բոլորից լավն ենք»,- ասաց Լուսինե Պողոսյանը:
«Մենք էներգիայով լի թիմ ունենք, որը վառվում է իր գործը լավ անելու մտքից: Նրանք սիրում են խաղեր և սիրում են այն, ինչ անում են»,- կարծում է Օլգան:
«Ընկերությունը միշտ հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Մեզ համար միշտ նոր բաներ են մտածում, որը շատ է օգնում, օրինակ՝ բժշկական ապահովագրություն, ինչ որ սպորտ, յոգա, նոր բան սովորելու հնարավորություններ, վորքշոփեր»,- ընդգծեց Դինարան:
Ընկերությունն, ընդհանուր առմամբ, ունի 800 աշխատակից, որից 350-ը գլխամասային գրասենյակում է՝ Կիպրոսում: Nexters-ը գրասենյակներ ունի Հայաստանում և Ղազախստանում: Ամբողջ աշխարհից նրանց համար աշխատում է 200 մարդ: Nexters-ը 2023 թվականին Եվրոպայի 5 խոշորագույն անկախ բջջային խաղեր մշակողներից մեկն է: 2022 թվականին ընկերության եկամուտը կազմել է 480 միլիոն դոլար, ինչը 11%-ով ավելի է, քան 2021 թվականին:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մարտի սկզբից Երևան են տեղափոխվել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում ստեղծվել են ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություններ։ Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բիզնեսի համար նոր բարձրորակ ենթակառուցվածքի ներդրման անհրաժեշտություն կա։ Շուտով, ըստ նրա, Հայաստանում կստեղծվեն մի քանի տեխնոպարկեր և արդյունաբերական գոտիներ, որոնցից մեկի՝ Շիրակի արդյունաբերական գոտու շինարարությունը կսկսվի 2023 թվականին։ «Մենք Հայաստան ենք հրավիրում ռուսական ընկերություններին, որոնք հետաքրքրված են նման ենթակառուցվածքով»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ ռուսական ընկերությունները կստանան նաև հարկային արտոնություններ և հատուկ լոգիստիկ կապեր, որոնք կօգնեն արագ գտնել նոր շուկաներ։