Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Այս մասին հունիսի 22-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է շահառուներին օգնության կանչենք: Օրինակ, շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե նրանք քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու: Շահառուն պետք է ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, ու գնա իր գործին»,- ասաց նա:
Armenia Today-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում ՝ հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունեն այս որոշման մասին։ Հարցվածների մեծ մասը դեմ էր, որ տաքսիներում վճարումները լինեն միայն անկանխիկ եղանակով․ «Չէ, օրինակ ես քարտ չեմ պահում, ինչպես կարելի է, որոշ մարդիկ են, որ քարտերով են, ես չեմ ուզում քարտիցօգտվել, արդեն ստիպում են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ այդ ամեն ինչը արվում է ոլորտը կարգավորելու համար։ Ըստ քաղաքացու առաջնայինը տաքսիների ու վարորդների մաքրությունն ու կոկիկ լինելն է․ «Դա սխալ է, ժամանակի ընթացքում կուղղվի, ոչ մի երկրում նման բան չի եղել, որ միշտ քարտով վճարեն, և քարտ է եղել, և կանխիկ, դա ասում են, որ ոլորտը կարգավորվեն, դեմ լինել կամ չլինելը էական չէ, դա չի լինելու, անհնարին բան է, ցանկացած մարդ պետք է քա՞րտ ունենա ինչ է, փողը լինելու է ամեն տեղ։ Պետք է վարորդների, տաքսիների գործունեությունը կարգավորվի, վարորդները լինեն սափրված, կոկիկ հագնված, տաքսիները մաքուր, այ սրանք պետք է կարգավորենք»,- եզրափակեց քաղաքացին։
Իսկ ահա քաղաքացիներից մեկն էլ կողմ էր այս որոշմանը և օգտվում է միայն անկանխիկ վճարումներից․ «Կողմ եմ նման գաղափարին, ես ինքս քարտով եմ վճարում, եթե կարիք ունեմ տաքսու, ապա օգտվում եմ միայն այն տաքսի ծառայություններից, որտեղ անկանխիկի հնարավորություն կա»,- ընդգծեց քաղաքացին։
Մի քաղաքացի էլ նկատեց, որ հատկապես թոշակառուների համար շատ դժվար կլինի։ Հարցվածներից մեկն էլ կարևորեց, որպեսի լինի ընտրության հնարավորություն։
«Իրականում ընտրության հնարավորությունը լավ է, որովհետև կարող է այնպես լինել, որ մի պահ հարմար է քարտով, իսկ մի պահ հարմար է կանխիկ, պետք է լինի 2 տարբերակն էլ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։