Առաջին եռամսյակում ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների աճը տարեկան կտրվածքով գնահատվում է շուրջ 77,4%, ինչը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման աճով, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում։
Նա հավելել է, որ ապրանքների և ծառայությունների ներմուծման ծավալը հունվարից մարտ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,4 տոկոսով։
Ֆինանսների նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ Հայաստանը կրկնապատկել է արտաքին առևտրաշրջանառության ծավալը՝ առաջին եռամսյակում այն կազմել է 4,25 մլրդ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս ընթացքում դոլարային արտահայտությամբ արտահանումն աճել է 2,3 անգամ՝ կազմելով 1,67 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 89,1%-ով՝ կազմելով 2,58 մլրդ դոլար։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 12,2%-ով, ասել է Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի 6,6 տոկոսային կետով տարեկան աճով։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին ասել է, որ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 176 մլրդ դրամով ավելի շատ հարկեր են հավաքագրվել։