Հայաստանը միակ ուղղությունն է, որտեղ մայիսին շարունակել են աճել Ռուսաստանից դրամական փոխանցումները, սակայն աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են, գրում է РБК-ն՝ վկայակոչելով Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի փոխանցումների վիճակագրությունը։
Մայիսին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 287 մլն դոլար, ինչը ընդամենը 8 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի մայիսին։ Համեմատության համար նշենք, որ աճի տեմպերը մնացած ամիսներին տատանվել են 85%-ից (2022թ. մարտ) մինչև 628% (2023թ. փետրվար): Ամբողջ 2022 թվականին Ռուսաստանից բանկային համակարգով և դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան է ուղարկվել 3,6 մլրդ դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է 2021 թվականի ծավալը։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2004 թվականից ի վեր, որից վարվում է համապատասխան վիճակագրություն։
Համեմատության համար, մայիսին Ռուսաստանից Վրաստան, Ղազախստան և Ղրղզստան դրամական փոխանցումները նվազել են համապատասխանաբար 51, 78 և 35 տոկոսով, նշում է РБК-ն։
2022 թվականի դեկտեմբերին Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարեց, որ 2022 թվականին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կրկնապատկվել է։ «2022 թվականի 10 ամիսների ընթացքում արտերկրից Հայաստան է փոխանցվել 4,1 մլրդ դոլար՝ չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 2,1 մլրդ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։