Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակի PR մենեջեր Էլեոնորա Արարատյանը Armenia Today-ին պատմել է առցանց հարթակի պլանների, նոր նախագծերի, երկրում աշխատելու դրական ու բացասական կողմերի մասին։
Wildberries-ի հիմնադրի Հայաստան այցի նպատակը
«Wildberries միջազգային առցանց հարթակի փորձագետները հուլիսի սկզբին Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում-դասընթաց են անցկացրել սկսնակ գործարարների համար և կլոր սեղան գործընկերների համար։
«Հանդիպումների ընթացքում Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը երկրի ղեկավարության հետ քննարկել է ներդրումային նախագծերի իրականացման, առցանց առևտրի ոլորտում մաքսային համակարգերի և Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև տեղացի գործարարների հետ համագործակցության ծրագրերը»,- նշել է Հայաստանում առցանց հարթակի PR մենեջերը։
Նա հավելել է, որ Բակալչուկը քննարկել է նաև Հայաստանում նոր լոգիստիկ կենտրոն բացելու հնարավորությունը, որը մեծ հնարավորություններ կստեղծի տեղական արտադրանքի շուկաների ընդլայնման համար և թույլ կտա տեղացի գործարարներին նվազեցնել լոգիստիկ ծախսերը, իսկ բնակիչներին՝ արագացնել ապրանքների առաքումը։
Հայաստանում առցանց հարթակի նոր նախագծի մեկնարկի մասին
Հուլիսի սկզբին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Wildberries-ի պատվիրակությունը քննարկել և թարմացրել է երկկողմ ռազմավարական պայմանագրերը Հայփոստի հետ, ընդգծել է Արարատյանը։ «Wildberries-ը նախատեսում է Հայփոստի հետ գործարկել նոր նախագիծ, որը կօգնի մեծացնել ներթափանցումը երկրի բոլոր բնակավայրեր, որպեսզի երկրի ամենահեռավոր անկյուններից բոլոր բնակիչները հասանելիություն ունենան հարթակի տեսականուն, իսկ գործարարներին՝ պարզեցնել կապը մեզ հետ առցանց հատվածում»,- նշել է նա։ Դրանում առանցքային դեր է ունենալու փոստային բաժանմունքը, հավելել է PR մենեջերը։
ՀՀ մարզերում պատվերների տրամադրման կետերի քանակն ընդլայնելու ծրագրերի մասին
Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր այժմ բաց են Հայաստանի գնորդների համար, նշել է հարթակի PR մենեջերը։ «Ինչպես բոլոր երկրներում, որտեղ ներկա է կազմակերպությունը, հիմնական կետերը կենտրոնացված են, իհարկե, մայրաքաղաքում՝ հաշվի առնելով բնակչության թիվը»,- ընդգծել է նա։
Արարատյանը հավելել է, որ բացի Երևանից, պատվերների տրամադրման կետեր են գործում նաև Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում։ «Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը։ Պատվերների տրամադրման նոր կետերի բացման համար ամենահեռանկարային քաղաքներն են Արարատն ու Ստեփանավանը, ինչպես նաև Հրազդան քաղաքը»,- ասել է նա։
Ի՞նչ արտասահմանյան ապրանքներ է առցանց հարթակը առաքում Հայաստան
Ապրանքները Հայաստան են առաքվում բոլոր երկրներից, որտեղ գործում է ընկերությունը, նշել է Արարատյանը։ Wildberries-ի PR մենեջերը մեջբերել է ընկերության վերլուծական ծառայության տվյալները՝ նշելով, որ ռուսաստանցի գործարարների արտադրանքը նույնպես պահանջված է Հայաստանի բնակիչների շրջանում։
«2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում տեսնում ենք աքսեսուարների, սպիտակեղենի, կենցաղային տեխնիկայի, կենցաղային ապրանքների, կոսմետիկայի և օծանելիքի, կոշիկի, հագուստի, սպասքի և գործիքների, սմարթֆոնների և աքսեսուարների, ինչպես նաև շինարարական գործիքների պահանջարկի աճ», – ընդգծել է նա:
Հայաստանում Wildberries-ի գործունեության ընդլայնման հնարավորությունների մասին
Արարատյանի խոսքով` հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճում է ինչպես Հայաստանից գնորդների, այնպես էլ հայ գործարարների կողմից։ «Հայաստանի յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչ օգտվում է հարթակի ծառայություններից։ Հայաստանից հարթակում ներկայացված են եզակի տեղական արտադրության ապրանքներ ՝ քաղցրավենիքից մինչև մանկական հագուստ և կոշիկ: Մինչ օրս հարթակում արդեն գրանցվել է 1878 հայ վաճառող (2023 թվականի սկզբից +42%)»,- պարզաբանել է նա։
Հայաստանում Wildberries-ի առջև ծառացած խնդիրների մասին
Wildberries-ի PR մենեջերը մատնանշել է լոգիստիկայի դժվարությունները. հարցը վերաբերում է Վերին Լարսի անցակետի թողունակությանը: «Բայց իրավիճակն արդեն փոխվում է դրական ուղղությամբ. վերջին շրջանում այս անցակետում երթուղիներն ավելացել են, և կողմերը առաքման այլընտրանքային եղանակներ են փնտրում»,- նշել է Արարատյանը։
Նա հավելել է, որ առցանց հարթակը անհրաժեշտության դեպքում օգտագործում է նաև օդային առաքում, «սակայն այս կերպ ծախսերը մի քանի անգամ ավելանում են»։
PR մենեջերի խոսքերով` այս արդիական հարցերի լուծումը ընկերությունը տեսնում է Հայաստանում սեփական լոգիստիկ կենտրոնի բացման մեջ։ «Սա կբարելավի տեղացի գործարարների հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան առևտուր անել Հայաստանից ամենահարմար ձևով։ Սա հատկապես վերաբերում է փոքր և միկրո բիզնեսին, որոնց համար հաճախ անհնար է ինքնուրույն լուծել Ռուսաստան արտահանման լոգիստիկ խնդիրները»,- եզրափակել է Արարատյանը։
Armenia Today-ին ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Wildberries-ում Հայաստանից ապրանքների վաճառքը վեց ամսվա ընթացքում աճել է 50%-ով։ Ընկերությունը պարզաբանել է, որ այդ ցուցանիշը դրամական տեսքով կազմել է 672,6 մլն ռուբլի։ «Տեղական ապրանքների ԹՈՓ-5-ում ներառված են՝ սնունդ (163,6 միլիոն ռուբլի), կոշիկ (135 միլիոն ռուբլի), հագուստ (104,5 միլիոն ռուբլի), ներքնազգեստ (101,5 միլիոն ռուբլի), ինչպես նաև նորածինների հագուստ (61,2 միլիոն ռուբլի), նշել են «Wildberries»-ում:
Wildberries-ը խոշոր միջազգային առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Wildberries-ը գործում է 8 երկրներում․ բացի Հայաստանից այդ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։
Հայաստանում հարթակը գործում է 2018 թվականից։ Արդեն 2021 թվականին բացվել են պատվերների տրամադրման գործընկերային կետեր, ինչն էլ ավելի հարմար և արագ է դարձրել ապրանքների ստացման գործընթացը։ Տեղական բիզնեսի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի տնտեսության աճին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը ընդգրկվել է Հայաստանի 30 խոշորագույն հարկատուների ցանկում։
Ամեն օր առցանց հարթակը 8 երկրների գնորդներին առաքում է մոտ 12 մլն ապրանք ։ Wildberries-ի տեսականին ներառում է ապրանքներ ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերից՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, բյութի-ապրանքներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր և շատ ավելին: 2023 թվականի առաջին եռամսյակում առցանց հարթակում պատվերների ընդհանուր թիվը հասել է 618,1 միլիոն ռուբլու (+118%)։ Ապրանքների վաճառքից և ծառայություններից ստացված շրջանառությունն աճել է 100%-ով և կազմել 577,194 միլիարդ ռուբլի: