Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները՝ համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,-նշել է Միշուստինը։
Նա հավելել է, որ այդպիսով կամրապնդվեն այստեղ ապրող մարդկանց շփումները։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը մատնանշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումն ու ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:
«Չնայած արտաքին տնտեսական բարդ կոնյեկտուրային, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության էֆեկտն ակնհայտ է։ Մենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացում ենք արձանագրում»,-եզրափակել է Ռուսաստանի վարչապետը։
Փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նախորդ նիստում Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին:
Մանրամասները՝ տեսանյութում։